Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են չորս տասնյակից ավել հարցեր: ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ դրանք հիմնականում վերաբերել են ԵԱՏՄ շրջանակում արտաքին տնտեսական կապերի ընդլայնմանը, մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին։
Նիստի ընթացքում հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ դեկտեմբերի 22-ին կայանալիք նիստի օրակարգը։
Նախօրեին էլ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, նրանք քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցերը:
Մհեր Գրիգորյանի մոսկովյան այցը տեղի է ունենում հայ-ռուսական լարվածության պայմաններում: Ռուսաստանը տարեսկզբից արգելել է հայկական արտադրության բազմաթիվ ապրանքների ներմուծումն ու տարանցումը ԵԱՏՄ տարածքով, Հայաստանն իր հերթին բողոքարկել է Մոսկվայի այս քայլը ԵԱՏՄ կոլեգիայում: Երևանի դիմումի հարցով որոշում դեռ չի կայացվել, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը չէր բացառել այս հարցով անգամ ԵԱՏՄ դատարան դիմելը:
Տնտեսական պատժամիջոցներին զուգահեռ Մոսկվան Երևանից պահանջում է հանրաքվե անել ու արագ ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև: Հայաստանի իշխանությունները հակադարձում են, որ հանրաքվեի պահը չի հասունացել, այս պահին էլ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունեն: