Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցումը։ Այս մասին նախարարը հայտարարել է խորհրդարանական ելույթի ժամանակ։
Արտգործնախարար Լեմմին խաղաղության համաձայնագրի համաձայնեցումը համարել է պատմական և կողմերին կոչ արել հնարավորինս արագ սկսել պայմանագրի ստորագրման գործընթացը։
Մարտի 13-ին Բաքուն ու Երևանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում:
Բայրամովը միևնույն ժամանակ հայտարարեց, թե «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։
Հայաստանի արտգործնախարարությունը միայն հայտարարեց՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին՝ պաշտոնական Երևանն այդ հարցին իր հայտարարությունում չէ անդրադարձել։