Մետրոյում նոյեմբերի 1-ից այլևս ժետոն չի լինի։ Երևանի ավագանու նիստում այսօր Մետրոպոլիտենի տնօրենը տեղեկացրեց՝ բոլոր կայարանների ժետոնով անցակետերը փոխարինվելու են միասնական վճարման համակարգով:
«Ազատությանը» հանդիպած ուղևորների մի մասն արդեն գիտեր այս մասին, մյուսները՝ ոչ: Ոմանք արդեն Telcell-ի հեռախոսային հավելվածով են վճարում կամ մետրոյի ներսում տեղադրված սարքերից QR կոդերով մեկանգամյա կտրոններ գնում: Բայց, այս փոփոխության պատճառով, ասում են, մետրոյում հաճախ հերթեր են։
Ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանը այսօրվա նիստին հարցրեց իշխող խմբակցությանը՝ եթե միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու հունվարից, ինչո՞ւ են ժետոնների վաճառքը մի քանի օրից դադարեցնում:
«Ավտոբուսներում տեղադրված վալիդատորները քիչ են, մետրոյում հերթեր են, սա քաղաքակիրթ մոտեցում չէ»,- ընդգծեց Աբգարյանը՝ ցույց տալով մի քանի պլաստիկ քարտեր, որոնցով երթևեկել է արտերկրում, - «Սա քաղաքակիրթ ձև չէ, սա տոմս չէ, սա կտրուն է, թուղթ է, որի ներկը ջնջվում է»։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունեց Աբգարյանի նշած խնդիրներից միայն մեկը, որ մեծ ավտոբուսներում տեղադրված մեկ վալիդատորը բավարար չէ, ու երկրորդի կարիքը կա: Իսկ փոփոխություններն, ասաց, հիմա են անում, որ մարդիկ հունվարին արդեն պատրաստ լինեն ու անակնկալի չգան:
Մետրոյի կուտակումներն էլ, նրա խոսքով, պատճառներ են ունեցել. - «Նախ որովհետև փոխված չէին բոլոր անցարգելները, այլևս փոխված են, երկրորդը՝ մարդիկ օբյեկտիվորեն QR կոդից օգտվելու հմտության ձեռքբերման որոշակի… դրա համար պահում ենք աշխատակիցներ, որ մարդկանց նոր համակարգին անցումը ավելի սահուն իրականացվի։ Գիտեք, մեր ու ձեր տարբերությունն ինչումն է, որ դուք երևի այս քննադատությունից վախենալով և այլ պատճառներով իրականում ավելի երկար ժամանակ ձեր սիրած քաղաքապետի կառավարման օրոք ոչ մի քայլ այս ուղղությամբ չեք արել»։
Մինչև հունվարից միասնական տոմսային համակարգը կսկսի գործել տարբեր արժեքի փաթեթներով, նոյեմբերի 1-ից ուղևորները պետք է միայն 100 դրամով մտնեն ավտոբուս, որովհետև վարորդը մանրը վերադարձնելու գործառույթ այլևս չի ունենա։
Ընդհանուր առմամբ այս տարի քաղաքապետարանը 8.6 մետրանոց 171 նոր ավտոբուս ու 15 տրոլեյբուս է գնել: Այս խմբաքանակից 20 ավտոբուսներն ու 10 տրոլեյբուսներն արդեն Երևանում են: Մյուսները, ըստ քաղաքային իշխանության, այս ամսվա վերջ տեղ կհասնեն: Իսկ 2018-ից մինչև հիմա քաղաքապետարանն արդեն 26 ավտոբուս է գնել։