Կես տարի առաջ Արցախում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի ընտանիքը սպասում է, որ օր առաջ Բաքուն Հայաստանին հանձնի նրա մարմինը:
«Մենք, խնդրում ենք, մեր ծնողի դիակը բերեն հասցնեն Հայաստան, մենք հուղարկավորելու տեղ ունենք», - ասաց որդին՝ Արսեն Աղասյանը:
Աղասյանը պատմում է՝ դեռ նոյեմբերին Կարմիր խաչից իրենց ասել են, որ պատրաստվեն գնալ Հակարիի կամրջի մոտ: Այցը, սակայն, իրենց անհայտ պատճառներով չեղարկվել է:
«Հոկտեմբերի 20-ին մահացել է, 22-ին դիմել ենք Կարմիր խաչին: Կարմիր խաչը նոյեմբերի 7-8-ին ասել ա, որ պատասխանը եկել ա, էդ գործողությունը ստացվելու ա, որ դիակը բերեն-հասցնեն ստեղ: Նոյեմբերի 8-ին զանգել են Կարմիր խաչից ասել՝ ձեզնից ով ա գնալու Հակարի, որ դիակը ճանաչի, լավ կլինի, որ աղջիկ լինի, մենք էլ ասեցինք՝ չէ, տղերքով ենք գնում», - պատմեց որդին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից այս հարցի շուրջ մեկնաբանություն չեն տալիս, միայն փոխանցեցին՝ կողմերի փոխհամաձայնության դեպքում պատրաստ են իրականացնել իրենց միջնորդական առաքելությունը:
«Ամսի 10-ի վրա պայմանավորաված, որ պիտի գնանք Հակարի, խաբել են, ասում ա՝ Ադրբեջանն ատմենա ա տվել», - ասաց Արսեն Աղասյանը:
Բաքուն երեկ երկրորդ անգամ դիմեց Երևանին՝ եթե չեք ընդունում Վերա Աղասյանի մարմինը, նրան կհուղարկավորեն հենց իրենք: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանում Աղասյանի մարմինը պահում են հատուկ պայմաններում, բայց սառնարաններն ի վիճակի չեն ամբողջությամբ դադարեցնել մարմնի քայքայումը:
Այս հարցով զբաղվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը: Ինչո՞ւ չի հաջողվում կնոջ մարմինը Հայաստան տեղափոխել, ի՞նչն է խանգարում, ո՞րն է պատճառը. կառույցից այս հարցերին չեն պատասխանում: «Ազատության»-ը միայն փոխանցեցին՝ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը քննարկման փուլում է: Թե ի՞նչ են կոնկրետ քննարկում հայկական ու ադրբեջանական կողմերը, երբ Բաքուն հայտարարում է իր պատրաստակամության մասին, հայտնի չէ: ԱԱԾ-ից նաև չեն մանրամասնում, թե ինչո՞ւ է այս հարցը ձգձգվում արդեն կես տարի:
Ստեփանակերտում մահացած կնոջ որդին կարծում է, որ Բաքուն պարզապես իր ընտանիքին ցավ է պատճառում. - «Մենակ ճնշելու, վիրավորելու համար, ուրիշ ոչ մի բան»:
Որդին պատմեց, որ մոր հետ վերջին անգամ անցած տարի օգոստոսին ու սեպտեմբերին է խոսել, հետո կապը կորել է թե՛ մոր, թե՛ մյուս բարեկամի հետ, ով ևս Լեռնային Ղարաբաղում մնացած հատուկենտ հայերից է: Ասաց, որ մայրը պարզապես որոշել էր մնալ հայրենիքում, որտեղ տուն-տեղն էր, մյուս որդիների, ամուսնու շիրիմները: Մյուս կողմից էլ չի հավատում, որ մայրը մահացել է. իրենց որևէ փաստ չեն ներկայացրել:
70-ամյա Վերա Աղասյանն Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած փոքրաթիվ հայերից էր, այնտեղ մահացած առաջին հայն է՝ ըստ բաց աղբյուրների: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա հոկտեմբերի 20-ին է մահացել, սրտանոթային խնդիրներ ուներ։