Մատչելիության հղումներ

Մեր երկիրն այսօր խռովահույզ է ներքին խնդիրներով. Ամենայն Հայոց կաթողիկոս


Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը։ Էջմիածնի Մայր տաճար տանող ճանապարհը այսօր բազմամարդ էր, մարդիկ շտապում էին պատարագին մասնակցելու՝ ձեռքին մոմ, մտքում՝ խաղաղության համար աղոթքներ։

Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցում Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ պատգամում խոսեց սիրո, հաշտության, միաբանության մասին՝ ընդգծելով՝ Հայաստանն այսօր խռովահույզ է ներքին խնդիրներով, որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, թշնամանքի։

«Ծանր փորձությունների ենթարկվեց մեր ժողովուրդը՝ բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, գրավված են մնում Հայաստանի ինքնիշխան տարածքներ, տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր բազում զավակներ, Ադրբեջանի կողմից շարունակում են հնչեցվել նորանոր պահանջներ ու սպառնալիքներ։ Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով՝ կեղծիք, անօրինականություն, չարակամություն, քինախնդրություն, արատավոր երևույթներ, որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, անտարբերության, թշնամանքի ու պառակտումի և հանգեցնում ազգի տկարացման», - ասաց Գարեգին Երկրորդը։

Եկեղեցի-իշխանություն լարված հարաբերությունների ֆոնին՝ իշխանության ներկայացուցիչներն այս տարի էլ ներկա չէին Առաքելական եկեղեցու գլխավոր պատարագին։

«Պետության ղեկավարությունը պետք է լինի ժողովրդի կողքին, եկեղեցու կողքին», - «Ազատության» հետ զրույցում իր կարծիքը հայտնեց քաղաքացիներից մեկը, մյուսն էլ շեշտեց. - «Լարվածություն զգացվում է գործերի անհաջողության պատճառով»։

«Այս սուրբ օրը վարչապետն ինքը պետք է անձամբ ներկա լիներ, եկեղեցի և իշխանություն պետք է գործեն միասնական, որ հայրենիքը լինի հզոր», - ասաց մեկ այլ քաղաքացի։

Վարչապետը տոնը երեկ շնորհավորել է սաղմոսներով։ Առավոտյան աղոթք օգնության համար, Նիկոլ Փաշինյան այս տարի կարդաց Դավթի սաղմոսը, երբ փախչում էր իր որդու՝ Աբիսողոմի առջևից։

Իսկ այսօր առավոտյան սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ սուրբծննդյան ընտանեկան նախաճաշ է պատրաստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG