Մատչելիության հղումներ

«Մեր երազանքը վերադառնալն ա, բայց պիտի նենց անենք՝ չասեն փախստական»


Վիկտորյան տարին թեթևությամբ է փակում. տեղահանվածի դառը առօրյան ամուսնու հետ փոխարինեցին շողշողուն թթուներով:

Առաջինն ավանդական կաղամբն էր, ավանդականների շարքը շարունակեցին վարունգ, ծաղկակաղամբ, պղպեղով, հետո անցան ոչ ավանդականներին՝ լցոնած լոլիկ, սմբուկ, եգիպտացորեն, հոն, սունկ, դդմիկ, սխտոր: Վիկտորյան թթվեցնում է ավելի քան 20 պտուղ, արհեստական ոչ մի հավելում, չոր սամիթ, դափնու տերև, սխտոր ու սերմեր։

Երեք փոքրիկների հետ անտուն ու անգործ մնացած երիտասարդ ամուսինները տուն-տեղ կորցնելուց հետո արագ հասկացան՝ որքան էլ դժվարությունները շատ լինեն, փախստական, տեղահանված բառերն իրենց մասին չեն լինելու։

«Ոչ թե սպասենք օգնություն տան, նվաստացուցիչ է, հա, տուն ենք կորցրել բայց տկար չենք», - ասում է երիտասարդ կինը:

Այս մի վարձով տան սառնաշունչ նկուղը հուշեց թթուների գաղափարը, հատկապես որ Վիկտորյան անգիր էր հիշում իր երկու բաբոների բաղադրատոմսերը, ու գործն առաջ գնաց: Առաջին հաճախորդն արցախցիներն էին, հետո ծանոթները համի մասին պատմեցին անծանոթներին, ու այդպես թթուների այս բազմերանգ տեսականուն հիմա սպասում են Հայաստանի տարբեր հասցեներում:

Թարմ թթվի տեսականի-աղտիրած, - ֆեյսբուքյան էջը ամուսինն է վարում։ Արմենը փորձում է համատեղել նաև հաշվապահի ու թթուների առաքիչի գործը։ Երեկոյան Վիկտորյայի գույնզգույն տարաները հասցնում է թթվի երկրպագուներին:

Առաջիկա պլանը այս գործը լիարժեք բիզնես դարձնելն է՝ հարկեր վճարելը:

Երեխաները մայրիկ-հայրիկի ձեռնարկի առաջին շահողներն են։ Արփին քանոն ունեցավ, դասերի է գնում, Արթուրը՝ երաժշտական դպրոց ու նկարչության խմբակ:

Արթուրը, Արփին, Աստղիկը նվերների են սպասում իսկական Ձմեռ պապից:

Փոքրերի ու մեծերի երազանքը նույնն է՝ հետ՝ Արցախ։ Վիկտորյան ասում՝ իր ողջ կյանքի ամենասև օրն է լինելու սեպտեմբերի 25-ը՝ տեղահանման օրը: Դառնությունը թթուներն են թեթևացնում և լավ մարդիկ, որոնց, ասում է, շատ են հանդիպում:

«Մենք օտար տեղ չենք, մենք օտար չենք զգում, բնական ա՝ մեր երազանքը վերադառնալն ա, բայց պիտի նենց անենք՝ չասեն փախստական», - ասում է արցախցի կինը:

«Առաջինը՝ խաղաղություն լինի, որ խաղաղությունը լինի, արդեն մնացածն էլ մեզ վրա աշխատելով կարող ենք ձեռք կբերենք», - ընդգծում է Վիկտորյան:


«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG