Մատչելիության հղումներ

Կայացավ Մայր տաճարի վերաօծման արարողությունը. ներկա էր նաև վարչապետը (լուսանկարներ)


Էջմիածնում կայացավ Մայր տաճարի վերաօծման արարողությունը։

Այստեղ էին ժամանել վարչապետը տիկնոջ հետ, նախագահը, ԱԺ նախագահը, այլ պաշտոնատար անձինք, գործարարներ։

Հայաստանի նախկին նախագահները արարողությանը ներկա չէին։ Մայր Աթոռի փոխանցմամբ՝ նրանց հրավերներ ուղարկվել են։ Երրորդ նախագահի գրասենյակից հայտնել են, որ Սերժ Սարգսյանը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին և տեղեկացրել, որ «ցավոք, չի կարող ներկա գտնվել այդ արարողություններին, քանի որ անհնարին է համարում Հայաստանի գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը»։

Երկրորդ նախագահի գրասենյակից էլ երեկ փոխանցել են, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու։ Պատճառը, սակայն, հայտնի չէ։

Առաջին նախագահի գրասենյակից լուռ են։

Տաճարի վերաօծմանը նախորդել էր Մայր Աթոռի բացօթյա խորանում մյուռոնի օրհնության արարողությունը։

Վերջին օրերին ամենաքննարկվող թեման էր՝ արդյոք իշխանության ներկայացուցիչները կմասնակցեն Մայր աթոռի միջոցառումներին: Երեկ իշխանության մի մասը մասնակցել է մյուռոնի օրհնության արարողությանը, մասնավորապես Էջմիածնում էին Ազգային ժողովի երկու փոխնախագահները՝ Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը, և իշխող խմբակցությունից պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Վլադիմիր Վարդանյանը, նաև կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն էր ներկա:

Եկեղեցուց ավելի վաղ ասել էին, որ իշխանություններին մասնակցության հրավերը չի նշանակում դիրքորոշման փոփոխություն նրանց նկատմամբ։

Մայր տաճարի դռները վերանորոգման պատճառով շուրջ վեց տարի փակ էին հավատացյալների ու այցելուների առջև։ Հիմքից մինչև մայր եկեղեցու խաչ հիմնանորոգվել է։

XS
SM
MD
LG