Մարդիկ տասնյակ հազարներով ճողոպրում են իսլամիստների բռնությունների ահից: Իրաքի անվտանգության ուժերը խոչընդոտում են նրանց մուտքը մայրաքաղաք:
Շրջանի հրամանատար գեներալ Աբդուլ-Ամիր Շամարին դեմ է ամբոխի մուտքին Բաղդադ. - «Բաղդադի օպերատիվ հրամանատարությունը մերժել է հարյուր հազարավոր տեղահանված ընտանիքների մուտքը՝ նրանց շրջանում քաոսի ու իրենց ահռելի թվաքանակի պատճառով: Այդ գործընթացը պետք է կազմակերպված արվի»:
Իրաքի փոխվարչապետը դեմ է նման մոտեցմանը. - «Նման պահվածքը անընդունելի է: Այլևս չենք կարող համբերատար նայել, թե ինչպես են իրաքցիները մահանում ծարավից, սովից ու զրկանքներից»:
Մինչդեռ Սիրիայից ստացված լուրերի համաձայն՝ ծայրահեղականները հինավուրց Պալմիրայի բնակիչներին հարյուրներով սպանում են, ավելի մեծացնելով աշխարհի մտահոգությունները:
Քաթարի արտգործնախարար Խալիդ բին Մոհամադը ևս շեշտում է, որ օդային հարվածները բավարար չեն:
ԱՄՆ-ի վրա ճնշում է գործադրվում՝ ցամաքային ուժեր ուղարկելու Իրաք և Սիրիա, սակայն թե՛ Օբամայի վարչակազմը և թե՛ Միացյալ Նահանգների շարքային քաղաքացիները պատրաստ չեն նոր պատերազմի մեջ ընկղմվելու գաղափարին: Այնուամենայնիվ, հանրապետականները՝ սենատոր ՄըքՔեյնի գլխավորությամբ, մեղադրում են ԱՄՆ-ի նախագահին ռազմավարության բացակայության մեջ:
«Պալմիրայից հասած տեղեկությունների համաձայն, իսլամիստները սպանում են մարդկանց՝ թողնելով նրանց մարմինները փողոցներում: Մինչդեռ նախագահը նշում է, որ մեր առաջ ամենամեծ մարտահրավերը եղանակի փոփոխությունն է», - ընդգծում է ՄըքՔեյնը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը քննադատել է Իրաքի զորքերին մարտը լքելու և ծանր սպառազինությունը մարտադաշտում թողնելու համար:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը հետ կշպրտվի. - «Ցանկանում եմ հավաստիացնել, որ այն հետ ենք գրավելու: Ես այժմ խոսում եմ առաջիկա օրերի մասին»:
Արևմուտքում աճող փոխըմբռնում կա, որ մարտական գործողությունները կարող են համընդհանուր ռազմավարության մի մասնիկը լինել: Ռազմավարական մյուս ուղղությունները կարող են ներառել մրցակից ուժերի միջև բանակցությունները ու երկխոսությունը, հատկապես Սիրիայի պարագայում: