Մատչելիության հղումներ

Մատենադարանի նախկին աշխատողը 87 հազար եվրոյի շորթման մեջ է ղեկավարությանը մեղադրում. ղեկավարությունը հերքում է


Նախկին ավագ գիտաշխատողը դատի է տվել Մատենադարանի ղեկավարությանը՝ շուրջ 87 հազար եվրոյի դրամաշնորհը շորթելու ու բոլորովին այլ նպատակով ծախսելու համար։ Գայանե Այվազյանը պնդում է՝ այդ գումարը Եվրամիության «Հորիզոն» 2020 ծրագրով իր ու գործընկերների հետազոտական ու ճամփորդական ծախսերի համար է նախատեսված եղել, բայց փոխանցվել է Մատենադարանի հաշվեհամարին, ոչ թե խմբի անդամների անձնական հաշվին։ Դա ծրագրի պահանջն է եղել, ասում է դրամաշնորհի հայաստանյան համակարգողը։

«8 հոգու համար է գումարը նախատեսված եղել։ Մոտ 5 տարվա աշխատանքի գումար է սա, գոյացել է գործուղումնների արդյունքում», - ասաց Մատենադարանի նախկին գիտաշխատողը։

Մատենադարանից հաստատում են, որ այս դրամաշնորհի մի մասը նաև պարգևավճարների վրա են ծախսել, բայց և պնդում են, թե նախկին աշխատակիցը զրպարտում է իրենց։

Այժմ արդեն Հարվարդի համալսարանում դասավանդող Գայանե Այվազյանն «Ազատության»-ը պատմեց՝ Մատենադարանի ներկայիս տնօրենությունը կտրականապես մերժում է գումարն իրենց վերադարձնելու պահանջը, այդ պատճառով էլ դատարան են մտել։ Ասում է՝ իրեն որևէ մեկը, այդ թվում՝ Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը հիմնավոր բացատրություն չի տվել՝ ինչո՞ւ ու ինչպե՞ս է իր շահած դրամաշնորհը Մատենադարանինը համարվել։

«Ընդամենը մեկ նամակ եմ ստացել Մատենադարանի տնօրենից, որը բավականին, ըստ էության, անհիմն նամակ էր, բայց իր հիմնավորումն այն է, որ ծրագրի ավարտից հետո է գումարը փոխանցվել Մատենադարան։ Դա այսպես կոչված համարել է արտածրագրային բյուջե, որը և ինքը ծախսել է», - նշեց Այվազյանը։

Պատմում է՝ փոխանցման մասին միայն այս տարի փետրվարին է իմացել, երբ իր հարցմանն ի պատասխան՝ ծրագրում ընդգրկված ավստրիական Գրացի համալսարանից են տեղեկացրել այդ մասին։ Երիտասարդ գիտնականն ընդունում է՝ ծրագրի ընթացքում իրենք օգտվել են Մատենադարանի գույքից ու տեխնիկայից, բայց ղեկավարությանը խոստացել են որպես փոխհատուցում տրամադրել դրամաշնորհի մի մասը։

«Պայմանավորվել էինք տրամադրել 10 տոկոսը գումարի թե անձնակազմի, թե ավելի շուտ գույքից և տեխնիկայից օգտվելու դիմաց։ Ես կարծում եմ՝ դա բավական առատաձեռն խոստում էր, բայց այս պահի դրությամբ կանգնած ենք փաստի առաջ, երբ 100 տոկոսն է օգտագործվել Մատենադարանի կողմից», - պնդեց Այվազյանը։

Պարզվում է՝ Հին ձեռագրերի ինստիտուտն էլ իր հերթին է հայց ներկայացրել երիտասարդ գիտնականի դեմ՝ նրա հայտարարությունները որակելով զրպարտություն։ Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը «Ազատության»-ը գրավոր է արձագանքել, պնդել, թե ծրագրի ավարտից հետո գումարը տրամադրվել է հենց Մատենադարանին՝ «ազատ տնօրինման», իրենք էլ այդ գումարն օգտագործել են ըստ կառույցի կանոնադրային նպատակների։ Խզմալյանը կես էջով թվել է, թե ինչի վրա են ծախսել շուրջ 87 հազար եվրոյի դրամաշնորհը, սակայն առանց բացահայտելու այս կամ այն ծախսի չափը։

Ըստ Արայիկ Խզմալյանի՝ դրամաշնորհով պարգևավճարներ են բաժանել ավելի քան 270 աշխատակիցների, ձեռագիր, հնատիպ մատյաններ են ձեռք բերել, տեխնիկա են վերազինել ու անգամ օտարալեզու հանդես են ստեղծել ու աշխատակիցներին վարձատրել։ «Ազատություն»-ը պարզեց, որ երիտասարդ գիտնականների շահած դրամաշնորհի զգալի մասը՝ ավելի քան 65 հազար եվրոն, Մատենադարանի ղեկավարությունը հենց միայն պարգևավճարներին է տրամադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG