Մատչելիության հղումներ

Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ. Գարեգին Բ կաթողիկոս


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պատգամով է հանդես գալիս Մայր տաճարի վերաօծման արարողությանը, 29 սեպտեմբերի, 2024թ.
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պատգամով է հանդես գալիս Մայր տաճարի վերաօծման արարողությանը, 29 սեպտեմբերի, 2024թ.

Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից, Մայր տաճարի վերաօծման արարողության առթիվ պատգամում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Գարեգին Բ կաթողիկոսն իր պատգամն ուղղեց վարչապետի ներկայությամբ՝ առանց հստակությունների, թե ում է ուղղված իր հայտարարությունը։

«Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմքերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է հայոց եկեղեցին։ Սուրբ Էջմիածնի հանդեպ աշխարհասփյուռ հայության որդիական ջերմ սիրով ու նախանձախնդրությամբ է ամուր մեր հայրենիքը, զորեղ և անկոտրում՝ միաբանությունը մեր ժողովրդի», - ընդգծեց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։

Վեհափառը նաև հորդորեց՝ «զերծ պահենք մեր պատմությունը կեղծիքներից ու խեղումներից»։

Եկեղեցի-իշխանություն լարված հարաբերությունների ֆոնին՝ վերջին օրերին ամենաքննարկվող թեման էր, թե արդյոք իշխանության ներկայացուցիչները կմասնակցեն Մայր աթոռի միջոցառումներին:

Տաճարի վերաօծմանը ներկա են վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, փոխվարչապետը և այլք։

  • Եկեղեցու ու իշխանության հարաբերությունները լարվեցին 44-օրյա պատերազմից հետո, երբ Կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանին հորոդորեց հեռանալ։ Փոխադարձ քննադատությունների պակաս այս տարիներին չի եղել։
  • Մայր աթոռից հայտարարել էին՝ արարողությանը մասնակցելու հրավերը ոչինչ չի նշանակում։ Իրենց դիրքորոշումը չի փոխվել, մտահոգությունները չեն փարատվել։
  • Իշխանականների մեղադրանքները, թե եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, սխալ թեզ է, պնդել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ հավելելով՝ եկեղեցին քաղաքական իշխանության չի հավակնում։

XS
SM
MD
LG