Հայաստանը Թուրքիային կապող՝ 32 տարի փակված Մարգարայի կամուրջը վաղվանից տասն օրով կբացվի՝ դարձյալ մարդասիրական օգնություն տեղափոխելու համար։
Կառավարության այսօր ընդունած որոշման համաձայն՝ Հայաստանը մարդասիրական օգնությունը Սիրիա է ուղարկելու։ Այս հարցը չզեկուցվող էր՝ գործադիրի նիստում չքննարկվեց։ Հրապարակված փաստաթղթերից պարզ չէ՝ ինչ մակարդակում է կարճ ժամանակով անցակետը բացելու պայմանավորվածությունը ձեռք բերվել։ Նախագծի հեղինակը վարչապետի աշխատակազմն է, Կառավարությունից, սակայն, մանրամասներ չեն ներկայացնում: Պարզ չէ՝ Անկարան երբ է համաձայնությունը տվել:
«Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ հասցնելու համար», - ասված է որոշման հիմնավորման մեջ։
Սիրիայում անցած տարի իշխանության եկած ուժը վայելում է Թուրքիայի անթաքույց աջակցությունը:
Հայաստանի կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ, թե կոնկրետ երբ են բեռները տեղափոխվելու, թե կոնկրետ ինչ օգնության ու քանակի մասին է խոսքը։ Հղում կա մեկ այլ որոշման, որը «Վտանգված հայ համայնքներին (Սիրիա, Լիբանան, Իրաք) աջակցության» մասին է:
32 տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ Մարգարայի անցակետը բացվում է հումանիտար բեռների համար։ Նախորդ անգամ 2023-ին բացվեց կամուրջը։ Երևանը 100 տոննա մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա՝ Ադիյաման քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածների համար։
Թուրքագետ Նելլի Մինասյանի կարծիքով՝ անցակետի բացումը հայ - թուրքական հարաբերությունների վրա էական ազդեցություն չի ունենա։
«Հայկական կողմը մի քանի անգամ, ըստ էության, հայտարարեց, այդ թվում՝ երբ որ թուրք լրագրողներն էին Հայաստանում, որ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջև կա որոշակի կապ, ըստ էության, և անգամ դինամիկ կապի մասին էր խոսում։ Այ սա, իմ կարծիքով, հենց դրա ապացույցն է, և որոշման կայացումն էլ հենց պայմանավորված է այդ երկու գերատեսչությունների համատեղ աշխատանքով», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մինասյանը։
Ըստ թուրքագետի՝ անցակետը բացելու համաձայնությունը պաշտոնական Երևանի ու Անկարայի մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություն է։
«Կարծում եմ, որ դա սահմանափակ ինչ-որ գործողություն է։ Տեսեք, ըստ էության, մեծ հաշվով, ոչ Հայաստանին է վերաբերում, ոչ էլ Թուրքիային, այսինքն՝ երկկողմանի գործընթացի արդյունք չի, այլ վերաբերում է երրորդ երկրին, որի հետ կապված՝ թե՛ Հայաստանը և թե՛ Թուրքիան ունեն, այսպես, ինչ-որ վերաբերմունք, և կոնկրետ բեռների փոխադրման հարցում, իմ կարծիքով, կա համընկնում իրենց տեսակետների։ Դրա համար երկու կողմը համաձայնել են սահմանափակ՝ տասն օրով բեռների փոխադրման համար, և դա չեմ կարծում, որ այս փուլում կհանգեցնի լուրջ ինչ-որ գործընթացի, որ անցակետը բաց մնա, կամ այլ ինչ-որ գործընթաց տեղի ունենա», - ասաց Նելլի Մինասյանը։
Հայ և թուրք բանագնացները դեռ 2022-ի հուլիսին Վիեննայում՝ չորրորդ հանդիպման ժամանակ էին պայմանավորվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկականի կողմը վերակառուցել է Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պայմանավորվածությունից երկուսուկես տարի անց պարզ չէ, թե երբ իրականություն կդառնա այդ պայմանավորվածությունը։
Պաշտոնական Անկարան բազմիցս է հայտարարել՝ սահմանը կբացվի հայ - ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում՝ շեշտելով՝ հայ - թուրքական և հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։