Մանր եղջերավորների արտահանման գործով մեծ պատմության մեջ է ընկել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Քրեական գործ է հարուցվել Հակակոռուպցիոն կոմիտեում։ Իշխանական պատգամավորին կանչել են հարցաքննության։
«Հակակոռուպցիոն կոմիտեն ինձ հրավիրել է որպես վկա», - նշեց Աղազարյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից քրեական գործի մասին «Ազատության» հարցերին չեն պատասխանում։ Հովիկ Աղազարյանը մի քիչ մանրամասնեց գործից. կասկածներ կան, որ ինքը մանր եղջերավորների բիզնեսում հովանավորչություն է արել։
«Մեկը մեկին հեռախոսով բան է ասել, որտեղ շոշափվել է իմ անունը, և այդ ասածները հիմք են հանդիսացել գործը հարուցելու», - ընդգծեց պատգամավորը:
Նրա պատմելով՝ այս գործը բացվել է մեկ այլ գործ քննելու ժամանակ։ Այդ գործի քննության ընթացքում, երբ վերծանվել են հեռախոսազրույցները, խոսակցություն են լսել, որ մեկը դիմել է Հովիկ Աղազարյանին, որ նա միջնորդի Էմիրաթներ արտահանվող ոչխարներին 21 օր չպահեն կարանտինային կետում։ Այլ ստուգումները տեղում անեն։ Բյուրոկրատական քաշքշուկից ազատեն, քանի որ այդպիսով քաշի կորուստ է լինում։
«Հնարավոր կլինի՞ այնպես արվի, որ էդ կարանտին ստուգումներն արվեն իրենց մոտ, ոչ թե բերեն ոչխարները, մի տեղ անցկացնեն, նոր արտահանեն: Այդտեղ հանցակազմի էլեմենտ են նկատել, հետևաբար իրենց պրոֆեսիոնալ գործունեությամբ պայմանավորված հարուցվել է զուգահեռ քրեական գործ էդ կոնտեքստում», - ներկայացրեց նա:
Կառավարությունում թիմակիցների պակաս չունեցող Աղազարյանը վստահեցնում է՝ դիմադրել է ու շահեկան առաջարկը մերժել։
«Քննությունը կպարզի, բնականաբար, իմ մասնակցության աստիճանը և կանի համապատասխան հետևություններ», - ասաց Հովիկ Աղազարյանը:
Աղազարյանն Ազգային ժողովում տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ է, ասում է՝ ոլորտի բերումով առաջարկներ ստանում է, որ ֆինանսական տեսանկյունից գրավիչ են, շահեկան, բայց օրենքները կաշկանդում են դրանց ընթացք տալ։
«Ես նոր 62 տարեկանում հիփոթեկով տուն եմ ձեռք բերել, ես չեմ լացում, չեմ նեղվում, ինձ լավ ու բավարարված եմ զգում, ամեն ինչ պետք է անեմ, որ հաջորդ խորհրդարանում էլ հայտնվեմ, որ հիփոթեկս բարեհաջող իր մարման կետին հասցնեմ», - նշեց նա:
Իհարկե, լինում են դեպքեր, երբ համաձայնում է միջնորդել, խոստովանում է իշխող թիմի անդամը, բայց ասում է՝ անշահախնդիր:. «Օրինակի համար՝ 10 միլիոնանոց տենդեր են հաղթել, ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ժամանակին կատարել, դե դրա եկամուտը թող լինի մեկ միլիոն, ես խնդրել եմ համապատասխան մարմիններին, որ ժամանակը երկարաձգեն»։
Անձնական հարցերի համար էլ են դիմել, որ չի մերժել՝ հիմնավորումները մի լավ ծանրութեթև անելուց հետո. «Խնդրել են, որ ես միջնորդեմ զինվորական հրամանատարությանը, որ իրենց տղային 3-4 օրով արձակուրդ տան, չեմ կարծում, որ էդ հրամանատարը կմտածի, որ Հովիկ Աղազարյանը 200 կամ 100 դոլար փող է վերցրել։ Ես արել եմ դա հաճույքով, խնդրելով, նաև ասելով, եթե իհարկե արժանի է»:
Իշխանական պատգամավորը չի համարում, որ տենդերի ժամկետը երկարաձգելու ու զինվորներին տուն բերելու իր միջնորդությունները պաշտոնական դիրքի չարաշահում են։
«Հիմնավորումները, որ բերել են, ես ստուգել եմ, իհարկե, հարսանիք է, թե քույրն է եկել Ռուսաստանից», - ասաց Աղազարյանը:
Պատգամավորին մեկ անգամ են կանչել հարցաքննության։ Հակակոռուպցիոն կոմիտեից չեն հայտնում՝ գործով տուժող կամ մեղադրյալ կա, թե՝ ոչ։ «Ազատության»-ը միայն փոխանցել են, որ պատգամավոր Աղազարյանը ոչ տուժող է, ոչ էլ մեղադրյալ։