Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի անդամ երկրներն այսօր կքննարկեն պաղեստինյան տարածքների իսրայելական օկուպացիայի դադարեցման պահանջը


Տեսարան Գազայից, 16-ը սեպտեմբերի, 2024․
Տեսարան Գազայից, 16-ը սեպտեմբերի, 2024․

ՄԱԿ-ի անդամ երկրներն այսօր կքննարկեն պաղեստինյան տարածքների իսրայելական օկուպացիայի դադարեցման պաշտոնական պահանջը:

Իսրայելի խիստ քննադատության արժանացած տեքսը հիմնված է Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության վրա, որով Իսրայելի օկուպացիան 1967 թվականից ի վեր «ապօրինի» է որակվում:

«Իսրայելը պարտավոր է հնարավորինս արագ դադարեցնել իր անօրինական ներկայությունը օկուպացված Պաղեստինի տարածքում»,- ասված է գրության մեջ։

Արաբական երկրները կոչ են արել վեհաժողովի հատուկ նիստ հրավիրել նախքան Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի մեկնարկը։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 40 հազարը։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ հուլիսի վերջին՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանություններից հետո։

Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG