Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ն Կիևի մանկական հիվանդանոցի վրա ռուսական հարձակման հարցով այսօր նիստ կգումարի


Կիևի «Օխմադետ» մանկական  հիվանդանոցը հրթիռակոծությունից հետո, 8-ը հուլիսի, 2024թ․
Կիևի «Օխմադետ» մանկական  հիվանդանոցը հրթիռակոծությունից հետո, 8-ը հուլիսի, 2024թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի Կիևի «Օխմադետ» մանկական հիվանդանոցին ռուսական հարվածների հետևանքները, Reuters-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։

Անվտանգության խորհրդի նիստը կգումարվի Բրիտանիայի, Ֆրանսիայի, Էկվադորի, Սլովենիայի և ԱՄՆ-ի խնդրանքով։

«Անվտանգության խորհրդում մենք կդատապարտենք Ռուսաստանի վախկոտ հարձակումը հիվանդանոցի վրա»,- X-ում գրել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը։

Ուկրաինան երեկ առավոտյան զանգվածային հրթիռակոծության է ենթարկվել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ խաղաղ բնակչության վրա զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի, մահացածների թվում երեք երեխա կա։ Եվս 170 մարդ, այդ թվում՝ 13 երեխա, վիրավոր է։

«Ընդհանուր առմամբ վնասվել է գրեթե 100 օբյեկտ՝ մանկական հիվանդանոց, սովորական տներ, մանկապարտեզներ, ծննդատուն, քոլեջ, բիզնես կենտրոն»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

«Օխմադետ» հիվանդանոցի երեխաները հրթիռային հարվածներից հետո դրսում իրենց բուժումն են ստանում, 8-ը հուլիսի, 2024թ․
«Օխմադետ» հիվանդանոցի երեխաները հրթիռային հարվածներից հետո դրսում իրենց բուժումն են ստանում, 8-ը հուլիսի, 2024թ․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է ռուսական հարվածները։

«Միջազգային մարդասիրական իրավունքով արգելված են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա։ Ցանկացած նման հարձակում անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի», - հայտարարել է Գուտերեշի խոսնակը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի ստանձնել քաղաքացիական օբյեկտներին հերթական հարվածի պատասխանատվությունը և պնդել է, թե հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության օբյեկտներին և Ուկրաինայի զինված ուժերի ավիացիոն բազաներին։

Ավելին, Մոսկվան պնդել է, թե իբր լուսանկարներն ու տեսանյութերը հաստատում են, որ ավերածությունները «քաղաքի ներսում զենիթահրթիռային համակարգից արձակված ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետևանք են»:

Ուկրաինայի հատուկ ծառայությունները, մինչդեռ, պնդում են, թե հայտնաբերել են մանկական հիվանդանոցին հարվածած ռուսական X101 հրթիռի բեկորները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG