Մատչելիության հղումներ

Մահացել է ԱՄՆ ամենաերկարակյաց ղեկավարը. ինչպիսին էր Քարթերի նախագահությունը


Կիրակի օրը կեսօրին 100 տարեկան հասակում մահացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 39 -րդ նախագահ Ջիմի Քարթերը։ Նա Նահանգների ամենաերկարակյաց նախագահն էր, որ նախագահական միայն մեկ ժամկետի ընթացքում բախվել է բազմաթիվ մարտահրավերների ու նաև գրանցել զգալի հաջողություններ, սակայն իր գործունեության համար բարձրագույն պարգևը՝ Խաղաղության նոբելյան մրցանակը ստացել է նախագահության ավարտից շատ տարիներ անց՝ մարդասիրական գործունեության համար։

Դեմոկրատ Քարթերը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1977 թվականի հունվարից մինչև 1981 թվականի հունվարը՝ 1976 թվականի ընտրություններում հաղթելով հանրապետական գործող նախագահ Ջերալդ Ֆորդին։

Մինչ նախագահ դառնալը նա ԱՄՆ Ջորջիա նահանգում նախ օրենսդիր էր, ապա նահանգապետ, իսկ քաղաքականություն մտել էր 1960-ականների քաղաքացիական իրավունքների շարժման ժամանակ՝ պայքարելով ռասայական խտրականության դեմ։

Իր երդմնակալության ժամանակ՝ 1977 թվականի հունվարի 20 -ին, նա խոստանում էր «նույնքան լավ կառավարություն, որքան իր ժողովուրդն է»։

«Նոր սկիզբն ազդարարող այս օրը Ամերիկայի համար չի կարող լինել ավելի ազնիվ կամ հավակնոտ նպատակ, քան օգնելը կառուցելու արդար և խաղաղ երկիր», - ասել էր նա։

Չորս տարի անց Քարթերը ընտրություններում մեծ տարբերությամբ պարտվեց Կալիֆորնիայի նահանգապետ ու նախկին դերասան, հանրապետական Ռոնալդ Ռեյգանին, բայց մինչ այդ նրա նախագահության ժամկետը լի էր բազմաթիվ իրադարձություններով՝ խաղաղության բանակցություններից մինչև քաղաքական ցնցումներ ու տնտեսական ճգնաժամ։

1979 թվականի Քեմփ Դեյվիդի համաձայնագիրը՝ Եգիպտոսի և Իսրայելի միջև վերջնական խաղաղության պայմանագրի կնքումը ԱՄՆ-ի միջնորդությամբ Քարթերի նախագահության գագաթնակետն էր:

Քարթերը նաև բանակցություններ է վարել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը Պանամային վերադարձնելու պայմանագրի շուրջ և դիվանագիտական կապեր է հաստատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Սակայն, 1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունը փոխեց նրա նախագահության ընթացքը:

Շիա հոգևորականների գլխավորած շարժումը տապալեց ԱՄՆ-ի աջակցությունը վայելող շահին, որը փախավ երկրից: Ավելի ուշ զինյալները ներխուժեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատուն՝ պատանդ վերցնելով 66 ամերիկացիների։ Պատանդների մի մասը նոյեմբերին ազատ արձակվեց, իսկ 1980 թվականի ապրիլին Քարթերը հրահանգեց ռազմական գործողություն իրականացնել մնացած պատանդներին ազատելու համար։ Գործողությունը, սակայն, ձախողվեց, և ութ ամերիկացի զինծառայող մահացավ:

Ամեն ինչ հարթ չէր նաև Միացյալ Նահանգների ներսում՝ աճող գործազրկությունն ու գնաճը խաթարեցին տնտեսությունը՝ նպաստելով, որ 1980 թվականին նա պարտվի հանրապետական Ռոնալդ Ռեյգանին։

Երբ 1981 թվականի հունվարի 20-ին՝ Ռեյգանի երդմնակալության օրը, Իրանը ի վերջո ազատեց ամերիկացի պատանդներին, Քարթերը, պարտված և ընկճված, վերադարձավ հայրենի Ջորջիա՝ հիմնադրելու նախագահական գրադարանն ու զբաղվելու մարդասիրական գործունեությամբ:

Քարթերն ասում էր, որ փոքրիկ գրասենյակ էր ուզում հիմնել, սակայն շահույթ չհետապնդող այդ կենտրոնը հետագայում շատ հայտնի կազմակերպություն դարձավ՝ դիտարկելով ավելի քան 100 ընտրություններ, նպաստելով Ուգանդայի և Սուդանի միջև խաղաղության համաձայնագրին, մասնակցելով Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններին և պայքարելով մահացու հիվանդությունների դեմ ԱՖրիկայի ամենաաղքատ հատվածներում։

Իր այդ գործունեության համար Քարթերը 2002 թվականին արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի՝ «միջազգային հակամարտություններին խաղաղ լուծումներ գտնելու, ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանման, տնտեսական և սոցիալական զարգացմանը նպաստելու ջանքերի համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG