Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն համաներում է շնորհել 2020-ին ձերբակալված և ազատազրկման դատապարտված 30 անձի


Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն համաներում է շնորհել 2020 թվականի հետընտրական բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված և հետագայում տարբեր մեղադրանքներով ազատազրկման դատապարտված 30 անձի։ Նրանց անունները չեն հրապարակվել։

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության փոխանցմամբ՝ բանտարկությունից ազատվողներից 14-ը կին, 16-ը տղամարդ են։ Նրանց թվում կան կենսաթոշակային տարիքի, ինչպես նաև ծանր հիվանդություններով տառապող անձինք։

Բելառուսի կառավարությունը պնդում է, որ Լուկաշենոյի կողմից համաներման արժանացած դատապարտյալները «ընդունել են իրենց մեղքը, անկեղծորեն զղջացել են իրենց արարքների համար»։

Սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Բելառուսի առաջնորդի կողմից ստորագրված համաներման 2-րդ հրամանագիրն է, անցած հուլիսին էլ 18 քաղբանտարկյալ է ազատ արձակվել, այդ թվում՝ ընդդիմադիր առաջնորդ Գրիգորի Կոստուսևը, որը ծանր հիվանդությամբ էր տառապում։ Դատարանը նրան 10 տարվա ազատազրկման էր դատապարտել։

2020 թվականի ընտրություններից հետո, որոնց պաշտոնական արդյունքները Լուկաշենկոյին վեցերորդ անգամ շնորհեցին նախագահի պաշտոնը, Բելառուսում բողոքի աննախադեպ զանգվածային ցույցեր հարուցեց: Իշխանությունը բողոքի ալիքը ճնշեց ոստիկանական բիրտ ուժով՝ ձերբակալելով հարյուրավոր ցուցարարների, որոնցից շատերը, այդ թվում՝ ընդդիմադիր առաջնորդներ, տարբեր մեղադրանքներով երկարամյա ազատազրկման դատապարտվեցին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG