Մատչելիության հղումներ

Louis Vuitton-ի ամառային հավաքածուն Ռումինիայում կրքեր է բորբոքել, միջամտել է պաշտոնական Բուխարեստը


Ռումինիայում կրքեր է բորբոքել Louis Vuitton-ի ամառային հավաքածուն, սկանդալին ստիպված միջամտել է պաշտոնական Բուխարեստը։

By The Pool հավաքածուն, որը ֆրանսիական նորաձևության հսկան անվանել է «հեղինակային ստեղծագործություն», մեծ աղմուկ է բարձրացրել ինչպես նորաձևության, այնպես էլ մշակութային շրջանակներում։ Ըստ ռումինացի մասնագետների՝ Louis Vuitton-ի դիզայները ապրանքանիշի անվան տակ ներկայացված ցուցանմուշների զարդանախշերը կրկնօրինակել է Ռումինիայի ավանդական հագուստի մոտիվներից:

Ֆրանսիական նորաձևության տունը հրաժարվում էր խոստովանել, որ հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել են ռումինական ազգային զարդանախշերով կամ օգտվել որպես IA կամ IE հայտնի վերնաշապիկի կոնցեպտից:

Ռումինական IE ավանդական վերնաշապիկներ կրող կանայք, արխիվ
Ռումինական IE ավանդական վերնաշապիկներ կրող կանայք, արխիվ

Ռումինիայի մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչները, որ կոչ են արել պատասխանատվության ենթարկել ֆրանսիական խոշորագույն ապրանքանիշը ռումինական ազգային հագուստին բնորոշ դետալները յուրացնելու համար, հայտարարել են, որ կողմ են ոգեշնչվելուն, դեմ՝ կրկնօրինակելուն։

Անդրեա Տանասեսկուն La Blouse Roumaine հայտնի օնլայն հարթակի հիմնադիրն է։ Այդ նախագծի նպատակը IA -ն աշխարհում որպես ռումինական ժառանգություն ճանաչելի դարձնելն է։ Նախագծի ներկայացուցիչները շաբաթներ ի վեր փաստեր են հրապարակել՝ ապացուցելու, որ Louis Vuitton-ը կրկնօրինակել է Տրանսիլվանիայի, Օլթենիայի և Մունտենիայի շրջանների համայնքներից սերված ավանդական հագուստի դիզայնը և ոճը։

«Դա միանգամայն հստակ էր, քանի որ վերնաշապիկի այդ տեսակն աշխարհում եզակի է», - ասում է Տանասեսկուն և հավելում, որ հավաքածուի բազմաթիվ ցուցանմուշներ ևս ռումինական զարդանախշեր են պարունակում։ Ընդ որում, նրա պնդմամբ, Louis Vuitton-ը չի ջանել նույնիսկ կտորի տեսակը փոխել, պահպանել է նաև վերնաշապիկի օրիգինալ կտրվածքը։

«Այո, նորաձևության ոլորտում ոգեշնչվում են ամեն ինչից,- ասում է Տանասեսկուն՝ նշելով, - բայց այստեղ մենք գործ ունենք մշակութային ժառանգության հետ, ավանդական մշակութային արտահայտչաձևերի հետ, որոնք կատարելագործվել են հարյուրավոր, գուցե հազարավոր տարիներ շարունակ, որը պետք է պաշտպանված լինի և պահպանվի»:

Louis Vuitton-ն առաջին բրենդը չէ, որը ոգեշնչվել է ռումինական մշակույթով

Louis Vuitton-ն առաջին միջազգային բրենդը չէ, որն անհատույց գայթակղվել և ոգեշնչվել է ռումինական մշակույթով։

2012 թվականին բրիտանացի երգչուհի Ադելը Vogue ամսագրի շապիկին էր հայտնվել Թոմ Ֆորդի ստեղծագործությամբ, որն էլ իր հերթին ռումինական ոգեշնչված Սելաջ բնակավայրի ավանդական բլուզի կրկնօրինակն էր։ Այս դրվագից է, ըստ էության, սկիզբ առել ռումինական ազգային տարազի հեղինակային իրավունքների պաշտպանությանն ուղղված արշավը: Պայքարին զուգահեռ ՝ 2013 թվականին, պաշտոնական Բուխարեստը հունիսի 24-ը հռչակեց Ռումինական բլուզի օր։

2017 թվականին մեկ այլ հայտնի դիզայներ՝ Թորի Բորչը իր հավաքածուներից մեկում ներկայացրեց բրդյա մի վերարկու, որն էլ գրեթե նույնական էր 20-րդ դարասկզբի Օլթենիայի ավանդական ստեղծագործությանը։ Բորչը, սակայն, շատ ավելի արագ հերքեց իր ավելի վաղ հնչեցրած հավաստիացումները, թե վերարկուն ստեղծելիս աֆրիկյան մշակույթով է ոգեշնչվել։ Ռումինացի մասնագետների և ակտիվիստների բարձրացրած աղմուկից և ապացույցների տարափից հետո Բորչը շտապեց խոստովանել, որ իր ձեռքի աշխատանքի հիմքում իրականում ոչ թե աֆրիկյան, այլ ռումինական ազգային զարդանախշեր են։

Ռումինիայում միաժամանակ գորովանքով են խոսում ֆրանսիացի հայտնի դիզայներ Իվ Սեն Լորանի մասին, որն իր 1970-ականների և 80-ականների հավաքածուներում թե՛ ռումինական, թե՛ այլ ժողովուրդների ազգային տարրեր է օգտագործել և երբեք չի խորշել հիշատակել ներշնչանքի աղբյուրն ու հարգանքի տուրք մատուցել տվյալ ժողովրդի մշակութային ժառանգությանը։

Louis Vuitton-ի հետ վեճը հանգուցալուծվեց բացառապես պաշտոնական Բուխարեստի միջամտությունից հետո։ Նախ Ռումինիայի մշակույթի նախարարությունը դիմեց ֆրանսիական ապրանքանիշի ղեկավարությանը՝ խնդրելով «ճանաչել ժանյակավոր վերնաշապիկի մոդելի ժառանգությունը և մշակութային արժեքը»: Ֆրանսիայում Ռումինիայի դեսպանն էլ զուգահեռ UNESCO-ի հետ էր բանակցություններ վարում։

Դիվանագիտական այս գործընթացների, ինչպես նաև առցանց ստորագրահավաքների ֆոնին Louis Vuitton-ն ի վերջո ընդունել է բացթողումը, ներողություն խնդրել կատարվածի համար և վաճառակետերից ետ կանչել վիճահարույց հավաքածուի մաս կազմող ռումինական ազգային տարազին նմանվող հագուստեղենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG