24 զոհ, նվազագույնը 16 անհետ կորածներ. Լոս Անջելեսի պատմության ամենաավերիչ աղետը՝ հրդեհը, մեկ շաբաթ է, ինչ չեզոքացնել չի ստացվում։
85-ամյա Անետ Ռոսսիլին հրաժարվել էր հեռանալ Փալիսեյդսի իր տնից՝ շանը, թութակներին ու կրիային չէր կարողացել մենակ թողնել։ Էնթընի և Ջասթին Միթչելները՝ հայր ու որդի, նույնպես հրդեհի զոհերից են։ Հորը փրկարարները գտել են ուղեղային կաթված ունեցող 20-ամյա որդու անկողնու մոտ։
Զոհերի թվում է 32-ամյա ավստրալիացի Րորի Քալըմ Սայքսը, որը ծնվել է կույր ու ուղեղային կաթվածով, շատ փորձություններ հաղթահարել ու դրանց մասին պատմություններով քաջալերել մյուսներին։ Նրա մոր ձեռքը կոտրված է եղել, որդուն տնից հանել չի կարողացել։
Զոհերի ու անհետ կորածների շրջանում հայերի մասին մինչև այս պահը չի հաղորդվել։
Այսօր էլ շրջանում մի քանի հրդեհներ են մոլեգնում։ Ավելի քան 100 հազար մարդ մնում է տարհանված։
Կարինե Փանոսյանը արձակուրդը տաք երկրում՝ Կալիֆորնիայում անցկացնելու համար Նահանգներ էր այցելել հարազատներին ու ընկել կրակը։ 7 օր առաջ Փասադենայից հեռացել են ու այժմ իրենց միջոցներով ժամանակավոր մի կացարան են վարձակալել։ Հայահոծ Փասադենայում բազմաթիվ տներ են մոխրացել։ Բնակավայրը դեռևս ոստիկանների հսկողության ներքո է։
Լոս Անջելեսի ոստիկանությունը 3 տասնյակից ավելի մարդու է ձերբակալել, որոնք մոխիրների ավերակների մեջ թալանով էին զբաղված։ Ի դեպ, գտնվել են նաև հրշեջի հագուստով գողության գնացած ճարպիկներ։ Ոստիկանական սահմանափակումները շատերի սրտով չեն։
Ավերիչ հրդեհից ամենաշատը Փալիսայդս և Փասադենա բնակավայրերն են տուժել։ Կալիֆորնիայի իշխանությունները հայտնում են՝ կրակը շուրջ 13 հազար շինություն է կուլ տվել։
Թեպետ հրդեհի օջախները դեռ մարված չեն, Լոս Անջելեսի համեմատաբար ապահով քաղաքներում այսօրվանից վերսկսելու են դասերը։ Բայց, թուլանալու համար դեռ վաղ է։ Ըստ օդերևութաբանների՝ վաղը, մյուս օրը նահանգում ուժգին քամիներ են սպասվում։
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.