Մատչելիության հղումներ

Կույրերի միավորումում անհանգիստ են՝ կարող են կորցնել իրենց կառուցած շենքերը


Հայաստանի կույրերի միավորման ձեռնարկություններից մեկում
Հայաստանի կույրերի միավորման ձեռնարկություններից մեկում

Հայաստանի կույրերի միավորումում արդեն քանի ամիս է անհանգիստ են՝ իրենց ձեռքով կառուցած շենքերը կարող է կորցնեն. միությունների դեմ Գլխավոր դատախազության հայցերն են մտահոգության պատճառը։

Դատախազությունը տասնյակներով հայցեր է ներկայացրել հայաստանյան տարբեր միությունների դեմ՝ դրանց գույքը պետությանը վերադարձնելու պահանջով։ Գրողների, նկարիչների միություններն արդեն դատարաններում են։

Գլխավոր դատախազության հայցերի հիմքում Հայաստանում սեփականության մասին 1990 թվականին ընդունված օրենքն է։ Ըստ իրավապահների՝ այդ օրենքով միությունների շենքերը համարվում են պետական, հետևաբար՝ սեփականաշնորհումն անօրինական է։

Մինչդեռ միություններից պնդում են՝ շենքերը, որ պետությունը ցանկանում է իրենով անել, իրենց են պատկանել և՛ Խորհրդային Միության ժամանակ, պատկանում են և հիմա։

Կույրերի միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ միավորման ձեռնարկությունների շենքերը Խորհրդային Միության ժամանակ սեփական միջոցներով են կառուցել։

«Շենքերը մե՛ր աշխատանքի արդյունքն են, մե՛ր աշխատանքով, մե՛ր արտադրության օգուտներով մենք կառուցել ենք շենքերը և ցանկանում ենք լինի մե՛ր սեփականությունը, մե՛նք տնօրինենք: Բնական է՝ ամեն մարդ էլ իր աշխատանքի տերը ուզում է ինքը լինել», - ընդգծեց Խաչատրյանը:

Կույրերի միավորումը Հայաստանի տարբեր մարզերում գտնվող ձեռնարկություններում գրեթե 200 աշխատակից ունի։ «Արտադրական ձեռնարկություններ ունենք Երևանում՝ երկու հատ, մի հատ էլ կոնստրուկտորական բյուրո, որ էդ արտադրության համար սարքեր, արտադրության միջոցներ է պատրաստում, ունենք Սևանում, Վանաձորում, Գյումրիում, Աշտարակում, Էջմիածնում, Արմավիրում և Կապանում», - ասաց Ռաֆիկ Խաչատրյանը:

Կույրերի միավորման մեկ այլ ձեռնարկությունում
Կույրերի միավորման մեկ այլ ձեռնարկությունում

Միավորման նախագահի խոսքով՝ տարեկան ավելի քան 300 հազար դոլար հարկ են վճարում։ Արտադրությունից ստացած շահույթի մի մասը աշխատավարձերին, մի փոքր մասն էլ՝ իրենց շենքերի պահպանմանն են հատկացնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG