2014 թվականից՝ «Իսլամական պետության» դեմ պատերազմին զուգահեռ, հարյուր հազարավոր իրաքցիներ գաղթել են Քրդական ինքնավարության տարածք: Ըստ ՄԱԿ-ի փախստականների գծով համադասող Ջոզեֆ Մերքսի՝ տեղահանվածների թիվը հասնում է մոտ մեկուկես միլիոնի, երբ տեղի բնակչության թիվը հինգ միլիոնից չի անցնում: «Ընդունելու կարողությունները սահմանափակ են, և տվյալ պահին այն անցել է բոլոր հնարավոր սահմանները, քանի որ այդ մարդիկ կարիք ունեն օգտվելու կրթության, առողջապահության ծառայություններից, ջրից և էլեկտրաէներգիայից», - ասում է նա:
Ինքնավարության որոշ հատվածներում բնակչության 25-30 տոկոսը տեղահանված իրաքցիներ են, և քրդական իշխանությունները արդեն տնտեսական ճգնաժամի եզրին են: Սակայն է՛լ ավելի շատ իրաքցիների ներհոսք է ակնկալվում. - «Եթե Մոսուլը առնվի, մենք պետք է պատրաստ լինենք առերեսվելու ավելի մեծ ներգաղթի: Մենք մարդկանց կարիքները հոգալու համար վրանների, շտապ օգնության պարագաների կարիք ունենք»:
Ըստ փախստականների Բահարկայի ճամբարի տնօրենի՝ միայն նոր տեղահանվածները չէ, որ հոգածության կարիք ունեն: Նրանք, ովքեր ապրում են հյուրանոցներում կամ կիսաշեն ապաստարաններում, մինչ օրս աղերսում են թույլատրել մուտք գործել ճամբար. - «Ենթադրում ենք, որ այս ճգնաժամը դեռ երկար կծավալվի, և նորանոր ընտանիքներ կժամանեն այս ապաստարան»:
Տարածաշրջանում զանգվածային գաղթի ահազանգը արդեն դրդել է օգնություն տրամադրող գործակալություններին աջակցության կոչով դիմելու միջազգային հանրությանը: