Մատչելիության հղումներ

ՔՊ-ից կարծում են՝ Բաքվում Պուտինի և Ալիևի քննարկման օրակարգում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է


ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյան, արխիվ
ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյան, արխիվ

Մինչ պաշտոնական Երևանը լուռ է, «Քաղաքացիական պայմանագրից» միակ պատգամավորը, որ համաձայնեց արձագանքել Պուտինի հնչեցրած հայտարարությանը, թե Մոսկվան կողմերի ցանկության դեպքում պատրաստ է մասնակցել հայ - ադրբեջանական կարգավորմանը, Գագիկ Մելքոնյանն էր: Ասաց՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների բանակցություններից միայն վտանգներ է տեսնում: Ավելին՝ կարծիք հայտնեց, թե Բաքվում ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած քննարկումների օրակարգում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցն է:

«Իրենք Ղարաբաղը տվեցին Բաքվին և եկել են Բաքվին հիշեցնում են իրենց պարտքը, որ Բաքուն պարտք է իրենց դրա դիմաց: Եվ մենք... օրինակ անձամբ ես լավ բան չեմ սպասում էդ հանդիպումից: Ըստ մեզ՝ սա Զանգեզուրի խնդիրն է, ինքը եկել է Զանգեզուրի հարց լուծելու: Եթե Բաքուն ու Ռուսաստանն են, իրենք կփորձեն նաև ուժով լուծել: Ոնց որ ուժով լուծեցին Արցախի հարցը, այ էդ սցենարով, ինչ-որ մի սցենար կմտածեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքոնյանը:

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ տարածաշրջանային ապաշրջափակման հարցը խաղաղության պայմանագրի նախագծից հանվել է: Այդուհանդերձ, Պուտինի և Ալիևի այսօրվա բանակցություններից առաջ ռուսական պետական ТАСС լրատվական գործակալությունն արդեն հայտնեց, որ քննարկման օրակարգում է նաև տարածաշրջանում կապերի ապաշրջափակումը` հիմնված 2020-2022 համաձայնագրերի վրա։ Կրեմլի ղեկավարն այսօր հրապարակային խոսեց Երևանին ու Բաքվին այդ հարցերում աջակցելու պատրաստակամությունից:

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է՝ Մոսկվան ապաշրջափակումը կարևորում է միայն մի դեպքում, եթե դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնի ինքը:

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյան, արխիվ
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյան, արխիվ

«Թեև այս իրավիճակում Ռուսաստանին ձեռնտու չէ Հարավային Կովկասում լարվածության աճը, բայց Ռուսաստանը այստեղ կոնկրետ ակնկալիքներ ունի, և հիմնական ակնկալիքը տարածաշրջանում մնալն է, որը հնարավոր է միայն հաղորդակցության ուղիների վերահսկման դեպքում, այսինքն՝ Ռուսաստանը այդպիսի կոնկրետ ակնկալիքներ ունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը՝ շարունակելով. - «Իսկ ինչ վերաբերում է սահմանազատմանը, ապա մենք պիտի հասկանանք, որ եթե Հայաստանի շահերից բխում է այդ սահմանազատումը իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա, բայց նույն այդ հռչակագրի հիման վրա սահմանազատումը բոլորովին չի բխում Ռուսաստանի շահերից, որովհետև ըստ այդ նույն Ալմաթիի հռչակագրի իրենք Ուկրաինայում անելիք չունեն»:

44-օրյա պատերազմից և ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հայ - ադրբեջանական բանակցություններն ընթանում էին Մոսկվայի միջնորդությամբ և բխում էին նոյեմբերի 9-ի փաստաթղթի տրամաբանությունից: Թե՛ ճանապարհների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման գործընթաց սկսելու հարցում գլխավոր միջնորդը Ռուսաստանն էր:
Կապուղիների ապաշրջափակման հարցով անգամ աշխատանքային խումբ էր ձևավորվել՝ երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ:

Հետագայում, սակայն, Երևան- Բաքու խաղաղության բանակցությունների աշխարհագրությունն ընդլայնվեց, և դրանք տեղափոխվեցին նաև արևմտյան հարթակներ:

Իսկ Լաչինի միջանցքի շրջափակումից և Արցախի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողությունից հետո Երևանն, ըստ էության, Մոսկվայի միջնորդությամբ բանակցություններից հրաժարվեց՝ նախընտրելով բացառապես արևմտյան հարթակները:

Ռուսաստանը, սակայն, պարբերաբար առաջարկում է կողմերին քննարկումների համար հարթակ տրամադրել, Բաքուն պաշտոնապես համաձայնում է, իսկ Երևանն այն թողնում է անարձագանք:

Նույնը եղավ այսօր՝ Ադրբեջանի արտգործնախարարը Պուտինի հայտարարությունից րոպեներ անց շտապեց հայտնել՝ ռուսական հարթակը միշտ է ընդունելի եղել իրենց համար:

Հայաստանից իշխող ուժի պատգամավորը հակառակի մասին է նշում. - «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է ինչ-որ մեր համար օգտավետ բան անի: Չեմ կարծում ես ուղղակի, դա իմ կարծիքն է: Որովհետև էս պահին, երբ որ, ասենք, Կուրսկի մարզի որոշ հատվածներ գտնվում են ուկրաինական զորքերի տիրապետության տակ, ինքը եկել է Բաքվում մեր հարցերն է ուզում լավություն անի մե՞զ: Ես չեմ կարծում, որ դա այդպես է», - ասաց Գագիկ Մելքոնյանը:

Մոսկվայի միջնորդությամբ հայ - ադրբեջանական բանակցությունները վերսկսելու հնարավորություն չի տեսնում նաև քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը: Կարծում է՝ պաշտոնական Երևանն առաջարկը կմերժի:

«Ես ընդհանրապես գործընթացի ակտիվացում չեմ կանխատեսում դեպի խաղաղություն շարժվելու իմաստով մինչև նոյեմբեր՝ մինչև COP29-ը: Թեև հնարավոր է դեկլարատիվ բնույթի ինչ-որ հայտարարություններ ու անգամ ինչ-որ փաստաթղթի նախաստորագրում, դա ես չեմ բացառում, բայց բանակցությունները մեռյալ կետից տեղաշարժելու հեռանկար չեմ տեսնում այս պահին», - ընդգծեց Բաղդասարյանը:

Բաքվում ընթացող բանակցությունների ֆոնին ադրբեջանական կողմը շարունակում է Երևանին մեղադրել իրենց դիրքերը գնդակոծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG