Կիրակի գիշերը անօդաչու թռչող սարքեր են հարվածել Ռուսաստանի Կուրսկի շրջանում նավթի պահեստին։ Այնտեղ հրդեհ է բռնկվել, հայտնում է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
Նրա խոսքով՝ վառելիքի երեք բաք է այրվել։ Ոչ մի մարդ չի տուժել։
Ուկրաինան ռուսական նավթային ենթակառուցվածքները համարում է օրինական ռազմական թիրախ և սկսել է դրանք թիրախավորել 2024 թվականի սկզբին: Ուկրաինան լայնորեն օգտագործում է հեռահար անօդաչու թռչող սարքեր, որոնք գործնականում միակ զենքն են, որը կարող է խոցել ռազմական թիրախները Ռուսաստանի խորքում։
Ռուսական նավթավերամշակման գործարաններն ու ռազմական օբյեկտները պարբերաբար ենթարկվում են ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման։ Հուլիսի 27-ին «Ուկրաինսկայա պրավդան» հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Ռյազանի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանին։
Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։