Ավելի քան մեկուկես տարի անց մոտ մեկ տոննա կոկաինի գործով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Ինչպե՞ս 250 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութը Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով բանանի անվան տակ մտավ Հայաստան և անարգել հասավ «Մրգենի» ընկերության պահեստ։ Ինչո՞ւ մեկ տոննա կոկաինը պետական մարմինները չկարողացան հայտնաբերել, և թմրանյութը Ազգային անվտանգության ծառայությանը հանձնեցին հետախուզվող գործարար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի աշխատակիցները։ Այդ մասին Պողոսյանը հայտարարել էր դեռ անցած տարի ու վերահաստատել վերջերս Mediahub-ին տված հարցազրույցում։
«Անձնապես զանգում եմ գործող Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, և հանձնարարում եմ համապատասխան մարդկանց տանել և հանձնել այդ կոկաինը Ազգային անվտանգության ծառայություն: Ո՞նց կարա մի տոննա կոկաին մտնի Հայաստանի Հանրապետության տարածք, և համապատասխան պետական մարմինները դա չկանխեն: Բա նայեիք, որ չմտներ, Մաքսայինը ինչո՞վ էր զբաղված, Ազգային անվտանգության ծառայությունը ինչո՞վ էր զբաղված, մի տոննան հո լուցկու չոփ չի՞, որ մտնի», - ասել էր Պողոսյանը:
«Նախաքննությունը շարունակվում է»
Քննչական կոմիտեն այս գործի մասին շատ տեղեկություն չի հաղորդում։ «Ազատությանը» միայն փոխանցեցին, թե «նախաքննությունը շարունակվում է»։ Կա հինգ մեղադրյալ։ Նրանցից երեքը սկզբում կալանավորվել էին, ապա մեկ տարի անց նախաքննական կալանքի թույլատրելի ժամկետն ավարտվելու հիմքով ազատ արձակվել։ Նրանք երկրից բացակայելու արգելքի տակ են։ Երեքն էլ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին առնչվող «Մրգենի» ընկերության աշխատակիցներ են՝ ընկերության տնօրեն Լևոն Աթաջանյանը, գնումների բաժնի պետ Մելիտա Ղազարյանն ու պահեստապետ Սամվել Գալստյանը։
Նրանց փաստաբաններն «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենց պաշտպանյալները չեն ընդունում թմրանյութերի ապօրինի իրացման և մաքսանենգության մեղադրանքները։
Պահեստապետ Սամվել Գալստյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդեց, որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքի վերաբերյալ գեթ մեկ ապացույց չկա։ Ասլանյանի խոսքով՝ երբ Գալստյանը «Մրգենի»-ի պահեստում բանաններից տարբերվող ապրանք է նկատել, այսինքն՝ թմրանյութը, անմիջապես տեղեկացրել է իր ղեկավարությանը։ Այդ ամենը պահեստում տեսաձայնագրվել է, և հետևաբար՝ պահեստապետը չի հասկանում՝ ո՞րն է իր մեղքը և ինչո՞ւ իրեն մեկ տարի պահեցին կալանքի տակ։
«Ինձ է հարցնում է, ասում է՝ «ես ի՞նչ պետք է անեի, որ չեմ արել, էլի, տեսել եմ, անմիջապես հայտնել եմ», որը վիդեոներով, տեսագրություններով ներկայացրել ենք վարույթն իրականացնող մարմնին, որ երևում է՝ զանգում ե ղեկավարությանը, հետո ֆոտո է անում», - «Ազատությանը» փոխանցեց Ասլանյանը:
Մյուս մեղադրյալի՝ «Մրգենի»-ի տնօրեն Լևոն Աթաջանյանի փաստաբան Միհրան Պողոսյանը նույնպես պնդում է՝ իր պաշտպանյալի մեղադրանքը հիմնավորված չէ, այլապես արդեն դատավճիռ կլիներ։ Ըստ Պողոսյանի՝ գործի վրա մեծ ազդեցություն են ունեցել քաղաքական հայտարարությունները, ընդ որում՝ թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր թևերից։
Անցած տարվա մայիսին՝ կոկաինը հայտնաբերելու ԱԱԾ հաղորդագրությունից տասն օր անց այս դեպքին անդրադարձավ վարչապետ Փաշինյանը: Առանց անուն տալու նա խորհրդարանում հայտարարեց, թե կոկաինի հասցեատերը նախկին հանրապետական պատգամավոր է: - «Կոկաինը՝ մեկ տոննա, կարծես թե հասցեատերը բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը Ազգային ժողովի նախկին պատգամավոր է՝ այժմ հետախուզման մեջ գտնվող, և եթե չեմ սխալվում՝ Հանրապետական կուսակցության անդամ»:
«Քաղաքականությունը երբ որ մտավ էդ գործի մեջ, ինքը օբյեկտիվ իրականությունը վերհանելու լուրջ խոչընդոտ հանդիսացավ։ Եթե չշահարկվեր, օբյեկտիվ իրականությանն ավելի մոտիկ կլինեինք», - նշեց փաստաբան Պողոսյանը:
«Մրգենի»-ի երեք աշխատակիցներից բացի, ևս երկու մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հետախուզվողների անունները ևս Քննչական կոմիտեն չի հրապարակում, բայց կարելի է ենթադրել, որ նրանցից մեկը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է։ Հատկապես որ դեռ անցած տարվա մայիսից թմրամիջոցի մաքսանենգության գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարել այն ժամանակ գործը քննող ԱԱԾ-ն։ Մյուս հետախուզվողը, «Ազատության» տեղեկություններով, «Մրգենի»-ի աշխատակից է։
ՊԵԿ նախագահը բացառում է Մաքսայինի որևէ աշխատակցի ներգրավվածությունը
Արդյո՞ք կոկաինի գործով ուսումնասիրվել է պետական պաշտոնյաների հնարավոր ներգրավվածության հարցը։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործի շրջանակներում քննության առարկա դարձել է մաքսանենգությանը պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունը։ Բայց հրաժարվեցին այս մասով հավելյալ տեղեկություն տալ՝ նախաքննական գաղտնիքին հղում կատարելով։
Մինչև հայտնի կդառնա, թե կոնկրետ որ պաշտոնյաների հնարավոր մասնակացությունն է ուսումնասիրել Քննչական կոմիտեն և ինչ է պարզել, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը բացառում է, թե Մաքսային ծառայության որևէ աշխատակից կարող է ներգրավված լինել թմրանյութերի գործում։
«Եթե կհայտնաբերվի, որ որևէ մաքսային ծառայող դրան մասնակցություն է ունեցել, ինչը ես այս փուլում որևէ կերպ չեմ կարող հաստատել, ես բացառում եմ նման հնարավորությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադասյանը:
ՊԵԿ-ն ուսումնասիրել է, թե ինչպես է մեկ տոննա կոկաինը մտել Հայաստան։ Բադասյանի խոսքով՝ մաքսային հսկողության ռիսկերի համակարգը բանանի համար կանաչ ուղի է ընտրել։ Իսկ այս դեպքում բեռը սահմանային անցման կետում ֆիզիկական զննության չի ենթարկվում։
«Ամենևին որևէ արդարացման մասին չի խոսքը գնում կոնկրետ Մաքսայինի գործառույթների, եթե, այնուամենայնիվ, անկախ ռիսկերի կառավարումը ինչ էր ընտրել, նման քանակի կամ ավելի պակաս քանակով թմրամիջոց է մտնում, ես համարում եմ, որ Մաքսայինը էդտեղ խնդիր ունի, և էդ խնդիրները պետք է շտկվեն՝ ռիսկերի կառավարման համակարգը բարելավելու...», - ասաց Ռուստամ Բադասյանը:
ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ սքաներները, որոնցով իրականացվում է ստուգումը, դեռևս երաշխիք չեն, որ արգելված ապրանքը կհայտնաբերվի։ Չնայած տեխնիկայի զարգացմանը, Բադասյանի խոսքով, շները շարունակում են մնալ թմրամիջոցներ հայտնաբերելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը։