Ընդգծելով, որ Մարտակերտի համայնքապետ Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը «անհիմն և ակնհայտորեն քաղաքականացված շահարկումների տեղիք է տվել», Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել։
ՔԿ-ն մասնավորապես նշել է՝ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ սահմանվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ տարածքում հայտնված և մասնավոր սեփականություն չհանդիսացող՝ մինչև 2017թ․ արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է ԼՂ-ից տեղահանման արդյունքում Հայաստանում հայտնված, ՀՀ քաղաքացիություն ստացած կամ ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և նշված տրանսպորտային միջոցները փաստացի տիրապետող կամ օգտագործող անձանց անվամբ։
Կառավարության վերոնշյալ՝ անձի իրավական վիճակը բարելավող որոշման իրավակարգավորումների պայմաններում մեղադրյալի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորությունն էականորեն նվազել է և չի կարող համարվել հանցանք:
Արցախի նախկին պաշտոնյան մեղադրվում էր փաստաթղթեր կեղծելու, խարդախության, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մարտակերտի համայնքային ավտոմեքենան յուրացնելու համար։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանի գնահատմամբ՝ գործն ի սկզբանե շինծու էր. Միշա Գյուրջյանը Մարտակերտին պատկանող գույքը հափշտակելու մտադրություն չի ունեցել, անվանափոխել է ավագանու որոշմամբ, պարզաբանում է փաստաբանը։