Կիբերհանցագործները թիրախավորել են հայաստանյան քաղհասարակությանը։ «Սիգնալ» հավելվածով հանրության շրջանում հայտնի մարդիկ նամակներ են ստանում, որոնք հորդորում են նրանց դիմել հրատապ գործողությունների։
«Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը օրեր առաջ է ստացել մի գրություն, որտեղ տագնապային տեղեկություն կար սահմանի վերաբերյալ:
«Հարգելի Արմինե, սահմանին իրավիճակի սրման հետ կապված ցուցումով ստեղծվել է տեղեկատվության փոխանակման օպերատիվ խումբ», - ասված էր հաղորդագրությունում։ Գրառման հեղինակը ինչ-որ տնօրենի աշխատակազմի աշխատակից Հայկ Նալբանդյանն է, որն էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ փորձագիտական վերլուծություններ անող մասնագետին հորդորում է՝ «անվտանգության նկատառումներից ելնելով անցնել ստուգում» կոնկրետ հղումով։
«Եթե ես գնայի հղումով, ապա սրա վերջնարդյունքը լինելու էր այն, որ ըստ էության իմ WhatsApp-ը ամբողջությամբ վերահսկվելու էր որևէ կողմի միջոցով», - ասաց Մարգարյանը:
Սա դասական ֆիշինգի օրինակ է, որը հայերեն բառացի թարգմանած նշանակում է ձկնորսություն. նպատակը այս դեպքում ձկան փոխարեն մարդուն կարթի վրա բռնելն է։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը պատկերավոր բացատրում է՝ նպատակն է գողանալ արժեքավոր տվյալներ և վերահսկել ֆիշինգի զոհի օգտահաշվիները։ Լավագույն դեպքում՝ չանել ոչինչ, անվտանգության մասնագետի խորհուրդն է, իսկ եթե արդեն ուշ է և կիբերհանցագործի առաջարկած հղումով անցել եք, արագ փոխել օգտահաշիվների գաղտնաբառերն ու դիմել մասնագետի։
Արմինե Մարգարյանը ֆիշինգի զոհ չի դարձել, շտապ դիմել է անվտանգության մասնագետներին, սակայն, սեփական հետևություններն արդեն արել է՝ հաշվի առնելով, թե վերջին շրջանում որքան հաճախ են սահմանին կրակոցների մասին լուրերը։
«Դա կարող է լինել և՛ ադրբեջանական կողմը, կարող է լինել նաև մեզ ֆորմալ և ոչ ֆորմալ բարեկամ կողմեր: Տեսեք ժամանակահատվածն ինչպես է ընտրված, երբ սահմանին լինում են կրակոցներ, երբ ընդհանուր առմամբ հանրության շրջանում կա բավական լարված իրավիճակ, որ կարող է Ադրբեջանի կողմից լինել որոշակի ագրեսիա: Շատերը նաև այդ իրավիճակը համեմատում են 44-օրյա պատերազմի նախորդիվ իրավիճակի հետ: Այսինքն՝ ժամանակն էլ է ընտրված շատ համապատասխան», -նշեց Մարգարյանը:
Կիբերհանցագործները Արմինե Մարգարյանից բացի էլի մարդկանց են թիրախավորել: Օրինակ, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։ Բայց վերջինս ոչ թե զոհ է դարձել, այլ խայծ։
«Քաղհասարակության ներկայացուցիչերին իբր թե կեղծ ստեղծված Եվրամիության դեսպանի անունից խայծ են տվել, ասել են՝ ձեզ հրավիրում ենք մասնակցելու օնլայն միջոցառման ու մարդիկ, ովքեր չեն բացառել, որ կարող էր լինել այդպիսի բան, որ իրենց հրավիրեր ԵՄ դեսպանը միջոցառման, փաստորեն, կուլ են տվել խայծն ու իրենց օգտահաշիվները զգալի ռիսկի են ենթարկվել: Մենք աշխատում են մի քանի այդպիսի դեպքերի հետ այս պահին», - ներկայացրեց Արթուր Պապյանը:
Հանցագործության նպատակը տարբեր կարող է լինել, մասնագետները նաև պատճառներն են հիմա ուսումնասիրում։
«Ձեռագիրը նույնիսկ ինչ-որ մի դեպքում նման է ռուսաստանյան հաքերային խմբավորումների իրականացմանը: Չեմ կարող այս պահին դա վստահաբար պնդել, որովհետև պիտի ամբողջական հետազոտությունը ավարտվի, միայն դրանից հետո կլինի: Բայց նման դեպքեր նկարագրվել են նախկինում Google-ի կողմից, Microsoft-ի կողմից, ու դրանք ի վերջո հանգեցրել են եզրակացության, որ դա ռուսաստանյան հաքերային խմբավորումներն են: Ամեն ինչից դատելով, ձեռագրից դատելով տպավորություն կա, որ ինչ-որ մեկը փորձում է Եվրամիության դեսպանատան հետ որոշակի կապեր ունեցող հայաստանյան քաղհասարակությանը վնասել, փորձել վերահսկողություն ստանալ իրենց համակարգիչների նկատմամբ», - ասաց Պապյանը:
Ոստիկանությունը պարբերաբար զգուշացնում է, որ կիբերհանցագործությունը դժվար բացահայտելի է, խուսափում են նաև վիճակագրական տվյալներ ներկայացնել, թե հանցագործությունների քանի տոկոսն է բացահայտվում։ Ավելի վաղ իրավապահները բացատրում էին, որ դժվարությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ հանցագործների մի զգալի մասը Հայաստանից դուրս է գործում։