Մատչելիության հղումներ

Խուզարկվել են Վարդենիս համայնքի ղեկավարի տունն ու քաղաքապետարանը, երեք աշխատակից կալանավորվել է


Իրավապահները երեկ խուզարկել են Վարդենիսի քաղաքապետարանն ու համայնքի ղեկավարի տունը:

Համայնքապետարանի երեք աշխատակից կալանավորվել է: «Ազատության» տեղեկություններով՝ կալանավորվածների շարքում է քաղաքաշինության բաժնի պետը, իսկ քաղաքապետ Ահարոն Խաչատրյանն ազատության մեջ է:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին՝ քննչական գործողություններ են կատարվել, հարուցված քրեական գործն էլ վերաբերում է կաշառք տալուն ու ստանալուն:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է, թե Հակակոռուպցիոն կոմիտեն ինչու է հասել իրենց մարզ:

«Դեռ տեղյակ չեմ, թե ինչ գործի շրջանակներում են այս քննչական գործողություններն իրականացվում», - պատասխանեց Սարգսյանը:

Ըստ մարզպետի, առհասարակ, օրինակ, սուբվենցիոն տարբեր նախագծերում ու ծրագրերում հայտնաբերվող խախտումները նախ իրենք են նկատում ու եթե կարիք է լինում տույժ, տուգանք կիրառելու՝ չեն երկմտում: Կարեն Սարգսյանը նախորդ տարվա մի քանի դեպք հիշեց, այդ գործերից մեկում ներգրավված աշխատակիցն, ի դեպ, երեկվա կալանավորվածների շարքում է:

«Նախորդ տարվա վերջին աշխատանքներն ընդունելու ժամանակ անորակ աշխատանքներ են եղել, այդ աշխատանքները չէին ընդունվել և՛ մեր կողմից, և՛ պատվիրատուի կողմից, տույժ, տուգանքներ էին կիրառվել շինարարների նկատմամբ: Աշխատանքները սուբվենցիոն ծրագրերի մասով են՝ ասֆալտապատման աշխատանքներ են, տանիքների վերակառուցման աշխատանքների մասին է խոսքը, տարբեր են, կան բազմաթիվ ծրագրեր, որտեղ որ ընթացքում հասցրել են թերությունները վերականգնել, այդ աշխատանքների նկատմամբ այլ մոտեցում է ցուցաբերվել, կան աշխատանքներ, որոնք չեն ընդունվել, ամբողջությամբ պետք է քանդեն նորից նախագծին համապատասխան կառուցեն», - ներկայացրեց Կարեն Սարգսյանը:

«Ազատության» հարցին՝ դա տեղի է ունեցել Վարդենիսի համայնքո՞ւմ, մարզպետը պատասխանեց. - «Եթե Վարդենիսի համայնքապետարանում են այս գործողությունները կատարվում, նաև Վարդենիսի համայնքում: Վարդենիսի համայնքապետարանի աշխատակցի նկատմամբ եղել է խիստ նկատողություն»:

Հարցին էլ՝ այդ աշխատակիցը կալանավորվածների ցանկո՞ւմ է, Սարգսյանն արձագանքեց. - «Այո»:

Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարը, որի տունն իրավապահները երեկ էին խուզարկել, պաշտոնավարում է արդեն երեք տարի: Նա ընտրությունների էր գնացել իր անվամբ՝ «Ահարոն Խաչատրյան» դաշինքով՝ վայելելով նաև «Միասնական Վարդենիս» դաշինքի աջակցությունը: 61-ամյա Խաչատրյանն այդ օրերին պայքարում էր ՔՊ-ի դեմ, ձայների մեծամասնությամբ հենց ինքն էլ ընտրվեց համայնքի ղեկավար:

Երդմնակալության արարողությունը համայնքապետարանի բակում էր եղել, որովհետև այդ ժամանակ գործող քաղաքապետը՝ ՔՊ-ական Արամ Մելքոնյանը լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էր՝ ինքն է այնպես արել, որ ոստիկանները նրանց ներս չթողնեին: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեմ էր քվեարկել Ահարոն Խաչատրյանին:

Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանն ու փոխքաղաքապետ Կարեն Մկրտչյանը այսօր ողջ օրը չպատասխանեցին մեր զանգերին:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG