Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, խուզարկություններ՝ մի քանի տասնյակ հասցեներում

Լրացված

Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Լևոն Քոչարյանի տներում:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն «Ազատությանը» հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանին տարել են Ազգային անվտանգության ծառայություն, այլ մանրամասներ առայժմ հայտնի չէ:

Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ առավոտյան նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Այս պահին դեռ շարունակվում է Լևոն Քոչարյանի տան խուզարկությունը: Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքում հրապարակել է տեսանյութ, որտեղ Լևոն Քոչարյանի տան դիմաց երևում են ԱԱԾ դիմակավորված անձինք:

Խուզարկություններ՝ մի քանի տասնյակ հասցեներում

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, կառույցից ավելի ուշ տեղեկատվություն կփոխանցեն:

Վարույթի շրջանակում իրավապահները նաև մտել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակ:

Քննչական կոմիտեի խոսնակը հայտնում է, որ քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում:

Խուզարկություններն են իրականացվում նաև «Piazza Grande»-ում գտնվող տարբեր գրասենյակներում, դրանցից որոշները փակվել են: Այս պահին իրավապահները «Sirusho Production»-ի գրասենյակում են:

Փաստաբան Հակոբ Կուրեղյյանն «Ազատությանն» ասաց, թե այս գործողությունների համար իրավական որևէ հիմք չկա:

Այսօրվա ձերբակալություններին ու խուզարկություններին նախորդել էր երեկ Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի սուր բանավեճը: Քոչարյանն ասել էր. «Ժողովուրդը մեզ ասում է՝ «Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մինչև հիմա մնում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով Լևոն Քոչարյանին, ասաց.

«Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր: Էդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ: Դուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեն ձեր երեխաները, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին... Ես ձեզ ուղիղ ասում եմ, որ չի լինելու դա: Սա ոչ թե անձնավորված հարց է, այլ քաղաքական խնդիր է: Հատիկ-հատիկ ամեն ինչը պիտի վերադարձվի ՀՀ-ին»:

Քոչարյանն ի պատասխան ասաց.- «Թե ինչը ում պետք է վերադարձվի, պիտի որոշի դատարանը, ոչ թե երկրի առաջին դեմքը: Երբ Դուք ասում եք՝ դու չես կարող ժառանգել...ու զուգահեռ գործ կա դատարանում: Սա ուղիղ ճնշում է դատարանի վրա: Ես իմ ամեն լումայի համար էդ պատասխանը տալու եմ կամ չեմ տալու, դա դատարանում է: Բայց Դուք էստեղ դրա մասին խոսելով խախտում եք հիմնարար սկզբունքը: Ձեր մոտ ընտրողաբար մոտեցումն է. Ձեր մոտ կա էլ նախկինի նախկին, մարզպետներ կան, որոնց մասին էնքան հոդվածներ եք գրել ժամանակին, բայց հիմա Ձեր մոտ են ու իրենց հետ կապված խնդիր չունեք: Ուրեմն, էս ամեն ինչը անձնավորված է»:

Վարչապետը Նոր Կտակարանից մեջբերում արեց. ««Մի՛ դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»: Հիմա էն, ինչ ձեզ ասեցի, այո, ես ձեզ դատում եմ, և ես ձեզ դատելու եմ և պատրաստ եմ նույն դատով դատվել»:

XS
SM
MD
LG