Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը


Հայաստանի և Եվրամիության դրոշները
Հայաստանի և Եվրամիության դրոշները

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։

Նախագիծը, որն Ազգային ժողով է հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր փետրվարի 12-ին: Երկրորդ ընթերցումից առաջ հարցը քննարկվեց ու դրական եզրակացություն ստացավ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում։

«Մենք բերել ենք այս օրենքի նախագիծը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն արտահայտի իր քաղաքական կամքը՝ դեպի Եվրոպական միություն գնալու: Այս ընթացքն անշրջելի է: Ժողովուրդը սրա կողմնակիցն է», - հայտարարում էր «Եվրաքվե» նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում, այլ, ինչպես նշում են իշխող ուժի ներկայացուցիչները, այն «քաղաքական կամքի մասին է»: Խորհրդարանական ընդդիմություն էլ ասում է՝ «տպավորություն է, որ Հայաստանը դուրս է գալիս մի պրոցեսի, որտեղ հեռանկար չկա»։

Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորների՝ Հայաստանի Եվրամիության անդամակցությունը երկար ժամանակ ու ջանքեր է պահանջելու, անդամակցության ճանապարհին Հայաստանն ահռելի բարեփոխումներ պետք է իրականացնի, երկրի օրենսդրությունը՝ արդարադատության ոլորտից մինչև սոցիալական՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնի։

Մոսկվան էլ ասում է, թե «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը նշանակում է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկ»՝ զգուշացնելով՝ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG