Խաղաղության մասին Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին Ադրբեջանում պատերազմին ընդդիմացող ակտիվիստները քրեական հետապնդումների, ծանր մեղադրանքների են բախվում։ Երիտասարդ գիտնական Բահրուզ Սամադովը, ով հայտնի է իր խաղաղասիրական կոչերով և արևմտյան տարբեր հարթակներում քննադատում էր Ադրբեջանի ռազմական մեքենան, անցած ամիս նախնական չորս ամսով կալանավորվել է հայերի օգտին լրտեսության մեղադրանքով։ Մեղքը հաստատվելու դեպքում 29-ամյա ակտիվիստին ցմահ ազատազրկում է սպառնում:
Հարևան Հայաստանի դեմ պատերազմը հրապարակավ դատապարտող ևս մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ էլ վկայի կարգավիճակ ունեն, նրանց արգելվել է լքել երկիրը։ Մեկ այլ երիտասարդ գիտնական՝ ազգագրագետ Իգբալ Աբիլովը նույնպես կալանքի տակ է հայերի օգտին լրտեսության, պետական դավաճանության մեղադրանքներով։
Ադրբեջանցի վտարանդի լրագրող Արզու Գեյբուլան BBC-ի հետ զրույցում փաստում է՝ ձերբակալությունների նոր ալիքն աննախադեպ է, այս անգամ թիրախում հակապատերազմական ակտիվիստներն են, ընդ որում, նրանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվում մի ժամանակաշրջանում, երբ Ալիևի կառավարությունը կլիմայի խնդիրներով ՄԱԿ-ի հեղինակավոր միջոցառումն է հյուրընկալում խաղաղության ուղերձներով, հարևան Հայաստանի հետ էլ խաղաղության շուրջ բանակցություններ վարում՝ հավաստիացնելով, թե նպատակը օր առաջ հաշտության գործարքը կնքելն է:
«Շատ մտահոգիչ է տեսնել, որ հակապատերազմական ակտիվիստների դեմ հետապնդումները թափ են առնում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են խաղաղության համաձայնագիրը այն վերջնական ստորագրելու համար», - ասում է Գեյբուլան:
Բրիտանացի վերլուծաբան, հայ - ադրբեջանական հակամարտության հարցերով հայտնի փորձագետ Լոուրենս Բրոերսի կարծիքով՝ Սամադովի, պատերազմին ընդդիմացող մյուս ակտիվիստների դեմ գործողություններով Ալիևը փորձում է ասել, որ խաղաղության մասին խոսակցությունները միայն վերևից՝ պաշտոնյաների շուրթերից պետք է հնչեն, իսկ մյուս՝ չվերահսկվող ձայներն ավելորդ են:
«Արտաքին լսարանի համար ուղերձներ, որ կողմերը մոտ են խաղաղությանը քան երբևէ, մինչդեռ ներքին լսարանին բոլորովին այլ բան է մատուցվում՝ թշնամին դեռ մեր դռանն է, և հասարակությունը պետք է համախմբվի այդ հակամարտության շուրջ։ Շատ հակասական ենթատեսքտ ունի այս ամենը՝ մեկ լսարանին պատմում են, որ հակամարտությունն այլևս անցյալում է, մյուսին՝ ոչ, հակամարտությունն ավարտված չէ, և մարդիկ կարող են ձերբակավել, դատապարտվել հայերի հետ շփումների համար», - ընդգծում է Բրոերսը:
Ալիևի ռազմական արշավների ամենահայտնի ընդդիմախոս Բահրուզ Սամադովի ձերբակալությունը, որը մտահոգություններ է հարուցել Բրյուսելից մինչև Վաշինգտոն, լայնորեն լուսաբանվում է նաև ադրբեջանական իշխանական լրատվամիջոցների կողմից։ «Բաքու TV»-ն, վկայակոչելով գործը քննող քննիչներին, պնդում է, թե Պրահայի Կարլի համասլարանի ասպիրանտը գաղտնի տեղեկություններ է փոխանցել Հայաստանի հատուկ ծառայություններին։ Լրատվամիջոցը որպես գաղտնի գործակալ է ներկայացնում սոցցանցերի հայազգի մի շարք օգտատերերի, այդ թվում՝ արցախցի միջազգայնագետ Իրինա Սաֆարյանին, և առանց հիմնավոր ապացույցների նշում, թե վերջինիս հանձնարարությամբ Պրահայում բնակվող Սամադովը տեղեկություններ է հավաքագրել Լեռնային Ղարաբաղ վերադարձող ադրբեջանցիների, այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքների մասին։
Սաֆարյանի խոսքով՝ այդ պատմությունը ծայրից ծայր հորինված է, միաժամանակ նա հաստատում է, որ Սամադովի հետ ծանոթ է ակադեմիական գործունեության բերումով։
Արցախի նախկին քաղաքացին, որին Ալիևը թեկուզ կեսբերան, բայց խոստանում էր ինտեգրացիա, հարցնում է՝ այսպիսի՞ խաղաղ համակեցություն էր ապահովելու Բաքուն: «Սրանից պետք է հետևություններ են անեն ոչ միայն Ադրբեջանում ապրող ազատամիտ, խելացի մտավորականությունը, այլև սրանից պետք է հետևություն անեն ՀՀ իշխանությունները, Արևմուտքում գտնվող դերակատարները, ովքեր ամեն կողմից խոսում են խաղաղություն հաստատելու մասին, բայց տեսնում են հակառակ պրոցեսը», - ընդգծում է Իրինա Սաֆարյանը:
44-օրյա պատերազմից, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայից, Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակումից, դրան հաջորդած ռազմական հարձակումից ու հայերի բռնի տեղահանությունից հետո էլ Բաքուն շարունակում է պնդել, որ ինքն է տարածաշրջանի խաղաղության ճարտարապետը: Ադրբեջանի կառավարության ներկայացրած փաստաթղթի շուրջ հակամարտող կողմերը շուրջ երկու տարի է բանակցում են, վերջին ամիսներին էլ պարբերաբար խոսում առաջընթացի մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ հայտարարեց՝ կողմերը փաստաթղթի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցրել են։
Լրտեսության, պետական դավաճանության մեջ մեղադրվող Բահրուզ Սամադովը հրապարակավ կասկածի տակ էր դնում Բաքվի հավաստիացումները և մատնացույց անում խաղաղությանը հակասող քայլերը՝ Երևանին ուղղված չդադարող պահանջներից մինչև Ադրբեջանում չվերացող հայատյացություն։
Ադրբեջանցի Սամադովն իրական խաղաղության կողմնակից էր, և ձերբակալելով նրան՝ Բաքուն սաբոտաժի է ենթարկում հաշտեցման գործընթացը, ասում է ադրբեջանցի ակտիվիստի գործունեությանը ծանոթ՝ միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանը։