«Խաղաղությունը պետք է լինի իրական, և ոչ միայն բառերով։ Այն չի կարող նշանակել Ուկրաինայի կապիտուլյացիա կամ Ուկրաինայի փլուզում։ Այն պետք է լինի արդար, հուսալի և տևական, իսկ դրան կարելի է հասնել միայն Ուկրաինայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի անվտանգության ամուր և երկարաժամկետ երաշխիքների պայմաններում», - X-ում գրել է Ուկրաինայի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ «իր հստակ տեսլականի ու խաղաղության հասնելու համատեղ ջանքերի համար»։
«Մենք խորապես գնահատում ենք բոլորի ջանքերը, ովքեր աջակցում են Ուկրաինային և ուժեղացնում Եվրոպայի պաշտպանական կարողությունները։ Մենք անհամբեր սպասում ենք՝ առաջիկա օրերին միասին աշխատել խաղաղությանն ուղղված քայլերի վրա», - ասել է Վլադիմիր Զելենսկին։
Նախօրեին Մակրոնը հայտարարեց, թե Ռուսաստանից բխող սպառնալիքի և ԱՄՆ-ի քաղաքականության հնարավոր փոփոխությունների պատճառով նախաձեռնելու է քննարկում, որպեսզի Ֆրանսիան, որպես միջուկային տերություն, երաշխավորի Եվրամիության մյուս երկրների անվտանգությունը՝ շեշտելով, որ միջուկային զենք կիրառելու որոշումը կմնա բացառապես Ֆրանսիայի նախագահի իրավասությունների շրջանակում։
Էմանյուել Մակրոնը նաև ասաց, որ ուկրաինական պատերազմը չպետք է ավարտվի Ուկրաինայի կապիտուլյացիայով, և չպետք է խաղաղություն կնքվի «ցանկացած գնով»։
Իսկ ԱՄՆ երեկվա հայտարարության ֆոնին՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն այսօր ասել է, որ Ֆրանսիան Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրում է առաջարկում։
Նախօրեին Վաշինգտոնն ասել էր, որ դադարեցնում է հետախուզական տվյալների փոխանակումը Կիևին՝ փորձելով ուժեղացնել ճնշումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա։