Մատչելիության հղումներ

Քերրիի կարծիքով, հաքերները կարդում են իր էլեկտրոնային նամակները


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղարը հավանական է համարել գաղտնազննումը։

Ըստ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի, շատ հավանական է, որ չինացի ու ռուս հաքերները կարդում են իր էլեկտրոնային նամակները։

CBS-ին տված հարցազրույցում Քերրին ընդգծել է, որ հաքերները այս վերջին օրերին բազմիցս են վնասել ամերիկյան շահերը: Նա հավանական է համարել գաղտնազննումը։

Միացյալ Նահանգները մեղադրել է Չինաստանին վերջին տարիներին ԱՄՆ-ի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին ու գործարարներին բազմիցս համակարգչային գրոհների ենթարկելու մեջ:

Վերջին հարձակման ժամանակ հաքերները ներխուժել էին ԱՄՆ-ի պետական անձնակազմի կառավարման գրասենյակի էլեկտրոնային կայք և առևանգել ավելի քան 21 միլիոն դաշնային ծառայողների տվյալները:

ԱՄՆ-ի պաշտպանական ոլորտի պաշտոնյաները հավատացած են, որ ամերիկյան զինված ուժերի միացյալ շտաբի նկատմամբ հուլիսին իրականացված կիբեռհարձակման հետևում կանգնած են Ռուսաստանում հիմնված և պետության կողմից ֆինանսավորվող հաքերները:

Այդ գրոհը ընդգրկել էր չորս հազարանոց զինվորական ու քաղաքացիական անձնակազմ, թեև գաղտնի ոչ մի տեղեկություն չէր առևանգվել:

Այս ամիս ավելի վաղ NBC-ն հաղորդեց, որ չինացի հաքերները կոտրել-բացել են ԱՄՆ-ի անվտանգության ու առևտրի ոլորտների բարձրաստիճան ղեկավարության 2010 թվականից ի վեր առկա անձնական էլեկտրոնային փոստերի տվյալները։ Սակայն կառավարական էլեկտրոնային փոստերը չեն կոտրվել, քանի որ անվտանգության առումով ավելի ապահով են:

Հաքերների գործողությունները համընկան նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից 2009-2013 թվականներին անձնական էլեկտրոնային փոստը ծառայողական նպատակներով օգտագործելուն, ինչը կասկածներ հարուցեց, որ այն կարող էր կարդացվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից:

ԱՄՆ-ի պաշտոնյաները Չինաստանի կառավարության առջև վերջերս շատ սուր դրեցին կիբեռգրոհների դադարեցման հարցը: Քերրիի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այդ հարցը բարձրացնելու է Չինաստանի նախագահ Սի Ձինպինի հետ սեպտեմբերին Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG