Մատչելիության հղումներ

Արհեստական բանականությամբ պատրաստված deepfake-ը՝ զեղծարարների ստեղծած նոր թակարդ


«Այսօր սկանդալային հարցազրույցից հետո պայթել է բժշկի մեքենան». սա կեղծ լուր է՝ deepfake... բժիշկը ողջ է, որևէ սկանդալային հարցազրույց «Ազատությունը» նրա հետ չի արել և որևէ հրաշագործ դեղամիջոցի մասին նա մեզ չի պատմել։

«Տարիներ առաջ, օրինակ, շրթունքների հատվածում, աչքերի կամ դեմքի վրա կարելի էր հասկանալ, որ մի բան այն չէ տվյալ տեսանյութի հետ, կարող է կեղծ լինել, հիմա եթե նույնիսկ այս տեսանյութը նայում ենք, տեսնում ենք, որ ամեն ինչ շատ ավելի լավ է պատրաստած ու շատ դժվար է հասկանալ ինչն է կեղծ», - ասաց «Սիվիլնեթ»-ի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը:

«Սիվիլնեթ»-ի փաստերի ստուգման թիմի ղեկավարը տարիների փորձից գիտի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն օր օրի էլ ավելի անհնարին է դարձնում տարբերել կեղծիքն իրականությունից։ Կադրերի հետադարձ որոնման միջոցով «Սիվիլնեթ»-ի թիմին հաջողվել է պարզել, որ այս տեսանյութն ամբողջությամբ ստեղծված է արհեստական բանականության միջոցով. հակերներն օգտագործել են իրական տարբեր աղբյուրներ, օրինակ, հաղորդավարին կտրել են «Ազատության» լրատվական թողարկումից, բժիշկ Արտավազդ Սահակյանին՝ Հանրային հեռուստաընկերության եթերից, փակ դեմքով իրավապահն էլ՝ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն է՝ ոստիկանության կայքից կտրված։

«Այս նույն վիդեոն է, եթե նայենք, կտեսնենք բոլոր մեքենաները, բոլոր հատվածները նույնական են, ցանկացած մեկի տեսանյութը, ֆոտոն, կարող են վերցնել և փոփոխել, ձայնը փոփոխել, տարբեր շարժումներ ավելացնել», - ներկայացրեց Գրիգորյանը:

«Արհեստական բանականության առաջընթացի հետ ճշմարտությունը մեռավ»

Թվային անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը նշեց. - «Իրականում արհեստական բանականության առաջընթացի հետ ճշմարտությունը մեռավ: Այսօր այլևս հնարավոր չէ որևէ բանի հավատալ՝ տեսանյութ, ձայն, լուսանկար, ոչ մի բան այլևս իրական չէ»:

Պապյանի խոսքով՝ այսօր արդեն կարևոր չէ՝ ինչ ես տեսնում կամ լսում, կարևոր է՝ որտեղից այդ ինֆորմացիան քեզ հասավ:

«Եթե դու տեսար մի բան, որը թեկուզ մի փոքր էմոցիոնալ է՝ զարմացնող, վախեցնող կամ ուրախացնող, միակ ճանապարհը՝ գնալ ճիշտ աղբյուրների, գնալ կայացած լրատվամիջոցների մոտ և այնտեղ լսել: Ցավոք, ինչ-որ երկար ժամանակ մենք ունեինք իրավիճակ, որ ավանդական մեդիային իրական այլընտրանք էին դարձել բլոգերները, տարբեր ֆեյսբուքյան էջերը, խմբերը, այսօր դա ուղղակի աններելի շքեղություն է մեզ համար և մենք ստիպված ենք կազմել մեդիայի խիստ դիետա, ուշադիր լինել՝ մենք ինչ ինֆորմացիա ենք ուտում և որտեղից», - ասաց թվային անվտանգության մասնագետը:

Սա պարզապես զվարճանք չէ, այս ամենը կոնկրետ շահ է հետապնդում։ «Ազատության» լրագրողի կեղծ հոլովակը 5 օրվա ընթացքում ավելի քան 100 հազար դիտում է հավաքել, 600-ից ավելի մարդ տարածել է այն։ Հստակ սցենար է գրվել։ Նախ ստեղծել տագնապ. պայթյուն, մահ, մաֆիա, հետո՝ սրտանոթային հիվանդության դեմ հրաշք միջոց պլաստիկ վիրաբույժի կողմից։

«Սիվիլնեթ»-ի փաստերի ստուգման մասնագետները խաբեբաների հետ կապ են հաստատել ու պարզել. - «Նշում ենք, որ այդ բժիշկը դեղ է ստեղծել սրտի համար և մենք համեմատեցինք, որ եթե այդ դեղի շուկայական արժեքը 2500 դրամ է, երբ որ զանգահարեցինք այդ գրառմանը կից նշված համարով, պարզվեց, որ նրանք 50 հազար դրամով են վաճառում»:

Հիմնականում գումար կորզելու այս սխեմայի զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրը. վարչապետ Փաշինյանը բացառություն չէր։

«Տեսնում էի վարչապետի, նախագահի, տարբեր գործարարների մասնակցությամբ տարբեր տեսանյութեր, նրանք այնտեղ կոչ են անում գումար ներդնել ներդրումային հարթակներում: Սա շատ ավելի վտանգավոր է», - ներկայացրեց Անի Գրիգորյանը:

Արթուր Պապյանն ընդգծեց. - «Եթե տեսնում ես քո երկրի ղեկավարին, տեսանյութ, ամեն ինչ ապացուցված, ակնհայտ, բայց նորաստեղծ աղբյուրում, դրան չի կարելի հավատալ»:

Ոստիկանությունը խուսափում է նշել՝ քանի դեպք է բացահայտվել մինչև օրս

Կիբերհանցագործության հետքը գտնելը բավական բարդ է, շատ անգամ խաբեբաները Հայաստանից դուրս են գործում։

«Արհեստական բանականության կիրառությունը հանցագործության մեջ նոր է զարգացում ապրում ու իրավապահ մարմինները շատ հաճախ մի շարք խնդիրների առաջ են բախվում», - նշեց Ներքին գործերի նախարարության Կիբերհանցագրոծությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը:

ՆԳՆ Կիբերհանցագրոծությունների դեմ պայքարի բաժնի պետն ասում է՝ խարդախության զոհ դարձած մարդիկ սովորաբար չեն դիմում իրավապահներին, փորձում են կանխարգելիչ քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցերի, ընկերների միջոցով։ Հանցավոր խումբը այսպես չի բացահայտվում, լավագույն դեպքում կեղծ տեսանյութը համացանցից կանհետանա։

«Միայն deepfake-ի կիրառմամբ չէ հանցագործը հանցագործությունն ավարտին հասցնում, ուստի այդ ժամանակ իրավապահ մարմիններն օգտագործում են իրենց լծակում գտնվող ողջ ռեսուրսները՝ կլինի միջազգային համագործակցություն, կլինի տեխնիկական հնարավորություն, որը հնարավորություն է տալիս պարզել հանցագործներին, իհարկե, ոչ բոլոր դեպքերում է հաջողություն լինում, դա կախված է նրանից, որ կիբերհանցագործություններն ունեն մեծ լատենտայնություն, այսինքն, շատ դեպքերում կատարվում է արտերկրից ու այդ ժամանակ մեր իրավապահ մարմինները կարողանում են պարզել, թե կոնկրետ որ երկրից է կոնկրետ հանցագործությունը լինում, մնացած բացահայտման մասով կարևոր նշանակություն է ունենում տվյալ երկրի իրավապահ մարմինների աշխատանքը

Ոստիկանությունը խուսափում է նշել՝ քանի դեպք է բացահայտվել մինչև օրս՝ ակնարկելով 1 տասնյակի չի հասնում։ Իսկ ինչպես չդառնալ կիբերհարձակման զոհ, ինչպես պաշտպանվել, մասնագետներն ասում են՝ մեծ հաշվով ոչ մի կերպ. միակ լուծումը մեդիա գրագետ լինելն է. գայթակղիչ պանիրը, ինչպես հայտնի է, թակարդում է լինում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG