Ամենայն Հայոց կաթողիկոսը և վեց եպիսկոպոսները չեն ներկայանալու օգոստոսի 28-ին նշանակված դատական նիստին, մասնակցելու են պաշտպանները, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար:
Եթե դատարանը հաստատի բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքը, ապա նրանց սպառնում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Առաքելական եկեղեցու առաջնորդը կանգնում է դատարանի առաջ:
Գարեգին Երկրորդին ու մյուսներին մեղադրանք առաջադրվեց վարչապետի՝ «եկեղեցու բարենորոգման շարժման» լարված փուլում, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է գահից հեռացնել կաթողիկոսին:
Այս գործով միակ տուժողը վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանն է: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց Սարոյանին՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: