Մատչելիության հղումներ

Կապանի քաղաքապետը քաղաքական է համարում իրեն առնչվող քրեական գործը


Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, արխիվ
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, արխիվ

Հորը պատկանող ընկերությունից համայնքային գնումներ կատարած Կապանի քաղաքապետը քաղաքական է համարում իրեն առնչվող քրեական գործը՝ այն կապելով վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ջերմ հյուրընկալելու հետ։

«Իմ կարծիքով, այո, քաղաքական գործընթացներ այստեղ հնարավոր են, որովհետև քրեական վարույթը նախաձեռնվում է անմիջապես դրանից 1-2 ամիս հետո ու դրանից հետո էլ որոշակի զարգացումներ կան կապված Կապանի «Նորոգշին»-ի այլ գործընթացների հետ: Էլի քրեական վարույթ է նախաձեռնվում առանձին: Այո, ես հնարավոր եմ համարում քաղաքական գործընթացները», - ասաց քաղաքապետը:

Իրավապահները դեռ գործից մանրամասներ չեն հայտնում, չեն անդրադառնում նաև քաղաքական ենթատեքստի մասին Կապանի համայնքապետի պնդումներին, իսկ իշխանությունները բազմիցս են ասել, որ իրավական գործընթացներին չեն միջամտում։

Գևորգ Փարսյանն «Ազատության»-ը պատմեց, որ իրավապահներն իրեն են ներկայացրել քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշումը, փաստաթղթեր են առգրավել։ Գործը հարուցվել է իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով գնումների ժամանակ չարաշահումներ թույլ տալու հոդվածով, համայնքապետարանը շինարարական գնումներն իրականացրել է Փարսյանի ընտանիքին պատկանող «Նորոգշին» ընկերությունից։

Ինքը՝ քաղաքապետը, չի հերքում, որ 1998-ից գործող ընկերությունը մասնակցել է համայնքի հայտարարած մրցույթներին, հաղթել, նաև որոշ դեպքերում պարտվել, բայց պնդում է, թե ամեն ինչ արվել է գնումների մասին օրենքի սահմաններում։

«Շատ շինարարական կազմակերպություններ են մասնակցում գնումների գործընթացներին ու Կապանի համայնքապետարանի մրցույթներին մասնակից են դառնում ու պայմանագրեր կան բազմաթիվ շինարարական կազմակերպությունների հետ, այդ թվում նաև Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ի հետ: Կապանի համայնքապետարանը մեծ մասշտաբներով քաղաքաշինական ոլորտի գնումներ է իրականացնում», - ներկայացրեց նա:

Գործով դեռ մեղադրյալներ չկան, քաղաքապետն էլ շտապում է պնդել՝ չկա արգելք, որ հոր ընկերությունը չի կարող մասնակցել գնումներին։ Գնումների մասին օրենքում շահերի բախմանը անդրադարձ կա միայն Հայտերը գնահատող հանձնաժողովի մասով։ Ըստ դրա՝ շահերի բախում ունեցող գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չպետք է մասնակցի գնահատմանը։ Փարսյանը պնդեց՝ հանձնաժողովի անդամ չի եղել, գործընթացին չի մասնակցել։

Վարուժան Հոկտանյանն ընդգծում է՝ օրենքը խստացնելու կարիք կա

Վարուժան Հոկտանյան
Վարուժան Հոկտանյան

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը սա հարցի լուծում չի համարում։

«Գնումների մասին օրենքով այդ դեպքի համար իսկապես իրավական տեսակետից ամեն ինչ ճիշտ է, առաջինը, եթե ինքը չի հանդիսացել գնահատող հանձնաժողովի անդամ: Սովորաբար պատվիրատուի ղեկավարը մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամ չի լինում», - ասաց Վարուժան Հոկտանյանը:

Հոկտանյանն ընդգծում է՝ օրենքը խստացնելու կարիք կա, հակառակ պարագայում Կապանը, ինչպես նաև մյուս համայնքները կշարունակեն գնումներ անել պաշտոնյաների հարազատներից ու պնդել, որ օրենք չեն խախտել։

«Պարզ է, որ եթե հանձնաժողովի անդամները բոլորը քաղաքապետարանի աշխատակիցներ էին, նրանք ենթարկվում են քաղաքապետին, բայց ֆորմալ առումով, քանի որ քաղաքապետը հանձնաժողովի անդամ չի, կարող են ինչ ուզես անեն», - նշեց նա:

Փաստաթղթերով Գևորգ Փարսյանն իսկապես կապ չունի հոր ընկերության հետ։ Հոկտանյանն ընդգծում է՝ մինչդեռ օրենքը պետք է այնպես գործի, որ մրցույթների արդյունքները որոշելիս հաշվի առնեն փոխկապակցված անձանց գործոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG