Այս պահին քրեակատորաղական հիմնարկում կալանավորված Արեգնազ Մանուկյանը հանդիպում է դստեր հետ, ում տարեդարձն է, «Ազատությանը» տեղեկացրեց Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Վերջին օրերին բարձրացրած աղմուկից հետո, միայն այսօր՝ երեխայի ծննդյան օրը, առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է կալանավորված ընդդիմադիր «Մայր Հայաստանի» անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ:
Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9 -ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ 46-ամյա նախկին պատգամավորը մեղադրանքը չի ընդունում:
Կալանքի որոշում կայացարած առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը նաև արգելել էր Մանուկյանի շփումները՝ այդ թվում 13 տարեկան աղջկա և 85-ամյա մոր հետ:
Մանուկյանի փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ շուրջ մեկ ամիս մոր հետ շփումից զրկված երեխայի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել, ինչն արձանագրել է հենց հոգեբանը:
Մանուկյանի ու դստեր տեսակցության մասին այսօր խորհրդարանում հայտարարեց նաև Ազգային ժողովի իշխանական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Օրեր շարունակ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները քննադատության թիրախում էին՝ Արեգնազ Մանուկյանի ու անչափահաս դստեր տեսակցությունների արգելքի մասին հստակ դիրքորոշում չհայտնելու համար: Մանուկյանի աջակիցները արգելքը «հոգեբանական խոշտանգում» են համարում:
Տեսակցությունը քննիչը փաստացի թույլատրել է այսօր՝ երեխայի ծննդյան օրը և կեսօրին Եվրամիության դեսպանատան առջև ի պաշտպանություն Մանուկյանի նախատեսված ակցիայից առաջ:
Մանրամասները տե՛ս այստեղ