Սաթեն Մանասյանն ուրախ է՝ քաղաքացիություն ու անձնագիր ստացավ: Գործընթացը մեկ տարի է տևել, ասում է՝ ստիպված էր մեկի փոխարեն մի քանի անգամ գալ- գնալ ու տարբեր փաստաթղթեր բերել:
Սերինեն այսօր Կանադայի քաղաքացի մորաքրոջն էր ուղեկցում, որ երկու շաբաթով է եկել Երևան՝ Հայաստանի քաղաքացիության համար դիմելու, սակայն դիմումն այսօր չընդունվեց՝ պակաս փաստաթղթեր կային: Սերինեն երեք տարի առաջ անցել է նույն գործընթացը, ասում է՝ այժմ ավելի բարդ է. - «Շատ ավելի հեշտ էր ամեն ինչ։ Հերթերը շատ են, տարբեր տեղեր պետք է շատ գնայինք»։
Սակայն, արդեն հաջորդ տարի հնարավոր է՝ փոփոխություններ տեղի ունենան քաղաքացիության համար դիմելու կարգում, և գործընթացի նախնական հատվածը տեղափոխվի օնլայն տիրույթ:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասում է՝ երբ անցնեն թվային տարբերակով փաստաթղթեր ընդունելուն, քաղաքացիություն հայցողը միայն մեկ անգամ՝ իր փաստաթղթերի բնօրինակները ցույց տալու և նույնականացվելու համար պարտավորված կլինի այցելել իրենց։
«Մեկ անգամ անձի այցելությունը վարչական մարմին անհրաժեշտ է այս փաստաթղթերի ամբողջականության իսկությունը ստուգելու այն փաստաթղթերի հետ, որոնք ներկայացվել են էլեկտրոնային ճանապարհով, և սա հիմնականում ուղղված է փաստաթղթերի կեղծիքի, մասնավորապես ծննդյան վկայականների կեղծիքի բացահայտմանը», - ասաց նա։
Իսկ մինչ այդ թե դիմումն ու պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնելը, թե պակասող թղթերն ամբողջացնելը օնլայն է լինելու:
Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը վերջին տարիներին աճել է
Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը վերջին տարիներին աճի միտում ունի: Վիճակագրության համաձայն՝ դիմումների թիվը հեղափոխությունից հետո 13- 15 հազար է եղել, 2020-21 թվականներին 7-8 հազար, Ուկրաինայում պատերազմի մեկնարկի տարում՝ 2022-ին, Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ռեկորդային թվով ՝ 25 հազարից ավելի քաղաքացի է դիմել: Անցած տարի այդ թիվը 19 հազար էր, իսկ այս տարի մինչև սեպտեմբեր արդեն 16 հազար հոգի դիմել է Հայաստանի կապույտ անձնագիր համար:
Այժմ հերթագրվել ցանկացողների համար ազատ օր և ժամ հնարավոր է գտնել միայն հաջորդ տարվա գարնանը:
Թվայնացումից բացի, օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է զգալի ավելացնել 1997 թվականից գործող տուրքերը թե՛ քաղաքացիություն ստանալու, թե՛ հրաժարվելու համար: Առաջարկվում է քաղաքացիություն ստանալու տուրքը դարձնել 50 հազար դրամ ներկայումս գործող 1000 դրամի փոխարեն, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը՝ 150 հազար դրամ 25000 դրամի փոխարեն:
Բացառությունը տեղահանված արցախցիներն են՝ նրանց համար քաղաքացիության դիմելու որևէ տուրք չի լինի:
«Պետական տուրքի մասին» օրենքում հանդես ենք եկել առաջարկությամբ, որպեսզի քաղաքացիության շնորհման պետական տուրքը չկիրառվի փախստականների նկատմամբ, իսկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք Հայաստանում ունեն ժամանակավոր պաշտպանության փախստականի կարգավիճակ, ըստ այդմ այն չի տարածվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վրա», - ասաց Արմեն Ղազարյանը։
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1997 թվականից՝ մոտ 3 տասնամյակ անփոփոխ գործող 1000 դրամ տուրքը պետական ինստիտուտներին վերաբերմունքի հետ կապեց. - «Խնդիրը փողը չէ, խնդիրը քաղաքացիությունն է»։
Արմեն Ղազարյանն ասում է՝ տուրքի նոր չափը սահմանելիս հաշվի են առել գնաճն և միջազգային փորձը:
Կառավարությունն արդեն հավանություն տվել է օրենսդրական փոփոխությունների նախագծին, որը սակայն դեռ պետք է քննարկվի և հաստատվի խորհրդարանում: Իսկ ուժի մեջ այն կմտնի Ազգային ժողովում հաստատվելուց 10 ամիս անց, քանի որ մինչ այդ պետք է նախապատրաստական աշխատանքներ տարվեն: Այսինքն՝ եթե Ազգային ժողովը մինչև տարեվերջ հաստատի այս նախագիծը, օրենքը կսկսի գործել միայն հաջորդ տարեվերջին: