Մատչելիության հղումներ

«Որ չփախչեն ծառայությունից, բանակը պետք է բարեփոխվի». արձագանքներ նախարարին


Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի քաղաքացիությունից անցած 6 տարում հրաժարվել է մինչև 18 տարեկան 11 հազար 830 արական սեռի քաղաքացի։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ խորհրդարանի ամբիոնից առանց անուններ տալու առաջարկեց բացահայտել զինծառայությունից որդիներին ազատող պաշտոնյաներին՝ նշելով. - «Մի երևույթ կա, երբ Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի Զինված ուժերում չծառայի»:

Շոուի փոխարեն թող սկսեն հենց իրենցից, ցանկը հայտնի է. պաշտպանության նախարարի հայտարարությունն «առնվազն տարօրինակ» է համարում «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ Նրա ղեկավարած հետաքննող լրագրողների թիմը դեռ երեք տարի է առաջ բացահայտել Նիկոլ Փաշինյանի այն թիմակիցների անունները, որոնց որդիները տարբեր պատճառներով չեն ծառայել։

«Տարբեր լրատվամիջոցներ պարբերաբար գրում են, ոչ միայն մենք ենք գրում: Մի քանի տարի առաջ հետաքննություններ էինք արել, նշել էինք, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր չեն ծառայել, ինչ հիմքերով են ազատվել: Լյուստրացիայի կարիք էլ չկա, փաստերը կան», - նշեց Բաղդասարյանը:

Պաշտպանության նախարարությունը դեռ չի բացատրում, թե ինչպես պետք է բացահայտեն բանակից ազատվելու պատճառով քաղաքացիությունից հրաժարվածների տվյալները, ու ինչ մեթոդներով են փորձելու կանխել այս երևույթը։

Զինդատախազի նախկին տեղակալ, անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանը նկատում է՝ սա նոր խնդիր չէ, բայց սրվել է հետպատերազմյան Հայաստանում. - «Ես որ պաշտոնս ստանձնեցի, էն ժամանակ հեշտ էր, բայց մենք սահմանափակում մտցրեցինք, երեխաների քաղաքացիության դադարեցումը կապեցինք նախագահի հրամանագրի հետ ու անպայման պահանջեցինք 2-րդ պետության քաղաքացիություն»:

Պաշտոնական վիճակագրությամբ, 44-օրյա պատերազմի տարում՝ 2020 թվականին Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել է 1543 երիտասարդ, հաջորդող տարիներին այդ թիվն աճել է․ ամենաշատը հրաժարվել են 2021-ին՝ 2056 մարդ։

Օրենքով երիտասարդը մինչև 16 տարեկանը կարող է հրաժարվել քաղաքացիությունից, քանի դեռ զինվորական հաշվառում չունի։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան ընդգծում է՝ ինչ փոփոխություն էլ փորձեն անել, իրավունք չունեն արգելել մարդուն հրաժարվել քաղաքացիությունից․ դա սահմանադրական իրավունք է։ Կարող են պարզապես հանել երկքաղաքացիության հնարավորությունը։ Զինդատախազի նախկին տեղակալը, սակայն, առաջարկում է բանակը բարեփոխել՝կոնկրետ պարտականություններ դնելով պատասխանատուների վրա։

«Եթե ուզում ես բանակում անես բարեփոխում, էդ բարեփոխումների ծրագիրը պիտի ԱԺ-ն հաստատի, հետո կառավարության վրա դնեն պարտականություն ու կառավարությունից հաշվետվություն ուզեն ամեն կետը կատարված լինելու վերաբերյալ, որ լինի ապացուցելի ու շոշափելի», - ասաց Քոչարյանը:

Վերջերս կառավարությունն առաջարկել է բարձրացնել քաղաքացիությունը դադարեցնելու տուրքը՝25 հազար դրամից դարձնելով 150 հազար դրամ։ Հովհաննես Քոչարյանն ընդգծում է՝ թեկուզ մեկ միլիոն դրամ դարձնեն, չեն կարող լուծել այս խնդիրը, քանի դեռ բանակում չկան իրական բարեփոխումներ։

XS
SM
MD
LG