Գրեթե բոլոր նիստերին քաղաքային իշխանությունը կառուցապատողներին հորդորում է փոշեկլանիչ կանաչ ցանցերը կառուցվող շենքերից պատշաճ կախել: Վերջին գործակարգավարական նիստին էլ քաղաքապետ Ավինյանը ենթականերին հանձնարարեց ավելի ինտենսիվ տուգանել խախտում թույլ տված կառուցապատողներին։
Շրջայցերից մեկի ընթացքում Ավինյանին հարցրինք՝ ձեր թիկունքում կառուցապատվող Երևանն է, շինարարության փուլում գտնվող շենքերը ծածկվա՞ծ են փոշեկլանիչ ցանցով:
«Ոչ, եթե մարդիկ որոշել են, որ այնուամենայնիվ իրենց ձեռնտու է վճարել տուգանքներ ու չիրականացնել այն աշխատանքները, որը քաղաքապետարանը պահանջում է, դա նույնպես կառուցապատողի ընտրությունն է: Բայց հետագայում երբ որ սկսեն խնդիրներ առաջանալ քաղաքապետարանի հետ տարբեր փուլերում, նորմատիվ ակտեր կլինեն, նոր ավագանու որոշումներ կլինեն, ու այդ ավագանու որոշումներն էականորեն կազդեն իրենց հետագա ճակատագրի վրա», - պատասխանեց Ավինյանը:
Երևանում այս պահին շուրջ 360 բազմաբնակարան շենք է կառուցվում: Ավագանու որոշմամբ, դրանք պետք է ամբողջությամբ ծածկված լինեն սահմանված խտությամբ հատուկ ցանցերով: Բայց դրանք հիմնականում կա՛մ բացակայում են, կա՛մ պատառոտված են: Այս խախտումների համար կառուցապատողները 70-100 հազար դրամով են տուգանվում, բայց առաջիկայում տուգանքի չափը կարող է ավելանալ, քաղաքապետրանն արդեն օրենսդրական նախաձեռնությամբ խորհրդարան է դիմել:
Մի քանի կառուցապատողներից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ կառուցվող շենքերը պատշաճ չեն փակում փոշին կլանող ցանցով. - «Ներկայիս կարգավորումներով այդ փոշեկլանիչ ցանցերի տեղադրումը կրում է ձևական բնույթ, այն չի կարող հանդիսանալ որպես կարգավորող միջոց»:
Արայիկ Քուրդյանը շուրջ 100 կառուցապատողի համախմբած «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» համահիմնադիրն է։ Ասում է ասոցիացիան բազմիցս է քաղաքապետարան դիմել, հարցով, թե կառուցապատողների առաջ դրվել է մի փաստաթուղթ, որում միայն այդ ցանցի խտության մասին տեղեկություն կա ու պարտադրանք, որ պետք է շենքերը պատվեն դրանով: «Թե ինչ պարամետրերով պետք է մոնտաժվի, նորմատիվ այդ ակտում չկա», - ասաց նա:
Քուրդյանն ասում է՝ էլի կվճարեն տուգանքները: Ինքն էլ է կառուցապատող, այս տարի արդեն կես միլիոն դրամով տուգանվել է՝ փոշեկլանիչ ցանցերը շենքերից պատշաճ չկախելու համար: Բայց այս ընթացքում նաև տարբեր դռներ են թակել՝ տեսչականից մինչև նախարարություն ու քաղաքապետարան, արդեն ասոցիացիայի առաջարկների շուրջ հանձնաժողովային քննարկումներ են սկսվել, բայց արդյունք դեռ չկա:
«Որ ուժեղ քամի է լինում, շենքերի վրայից պոկում է, օդի մեջ սկսում են սավառնել, որ բոլորը էդ ձևով սկսեն մոնտաժ անել, էս քաղաքը թռչող ցանցերի քաղաք է դառնալու», - ընդգծեց նա:
Փոշու արտանետումը հողային աշխատանքների փուլում է հիմնականում լինում, բայց երբ արդեն շենքի հիմնական կմախքը կանգնուն է, արտանետվող փոշու քանակը նվազագույնի է հասնում, պնդում են կառուցապատողները: Օրինակ՝ Քուրդյանն ընդունում է, որ հողային աշխատանքների փուլում փոշու արտազատումը բավականին մեծ է լինում, որովհետև ոչ բոլոր կառուցապատողներն են շինհրապարակները խոնավ պահում:
Իսկ «Լույսեր» ՓԲԸ-ն, որը շուտով շահագործման կհանձնի իր նոր բնակելի թաղամասը, փոշեկլանիչ ցացների համար չի տուգանվել, համալիրն արդեն պատրաստ էր, երբ պահանջն ուժի մեջ մտավ: Բայց ընկերության համահիմնադիր Սամվել Մարգարյանը չի ընդունում քաղաքապետարանի պնդումները, որ փոշեկլանիչ ցանցերը մեկուսացնում են փոշին: Ասում է՝ պատրաստ են, որպես կառուցապատող վճարել պահանջվող նոր բարձր գները՝ շինթույլտվության ու մյուս փաստաթղթերի համար, միայն թե պետությունն ինքը բարեկարգի դեպի շինհրապարակներ տանող ճանապարհները: «Փոշին հենց այդտեղից է վերև բարձրանում»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ շարունակ պնդում է՝ շինհրապարակները խոնավ չպահող, փոշու չափիչ սարքեր չտեղադրող, փոշեկլանիչ ցանցերը չկիրառող, շինհրապարակից դուրս եկող մեքենաների անիվները չլվացող կառուցապատողները շարունակելու են տուգանվել՝ անկախ այս արդարացումներից:
Սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 12-ը 8 փոշեկլանիչ ցանցերի և օդի աղտոտվածությունը չափող 7 սարքերի բացակայության հիմքով քաղաքապետարանն արդեն արձանագրություններ է կազմել, բայց սա դեռ տուգանք չէ, սրանով կառուցապատողը դեռ հնարավորություն է ունենում սխալը շտկելու։ Իսկ Երևանի օդում, ըստ պաշտոնական տվյալների, փոշու պարունակությունը շարունակում է գերազանցել թույլատրելիի չափը։