Կիևում երեկ կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև:
Խորհրդակցությունները գլխավորել են հայկական կողմից փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, ուկրաինական կողմից փոխարտգործնախարար Եվհեն Պերեբիյնիսը:
Կողմերն անդրադարձել են երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակի, քննարկել փոխադարձ կարևորություն ունեցող ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման հեռանկարները, առևտրատնտեսական, իրավապայմանագրային և այլ ուղղություններով համագործակցության հարցեր:
Սաֆարյանն ու Պերեբիյնիսը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, կարևորել երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շարունակական շփումներն ու մտքերի պարբերական փոխանակումը:
Մնացական Սաֆարյանն ուկրաինական պատվիրակությանը տեղեկացրել է տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված` Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վերաբերյալ, որի հիմքում ընկած են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, փոխադարձության և հավասարության սկզբունքները։
Հունիսի 15-ին Շվեյցարիայում մեկնարկեց «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովը»: Հայաստանից գագաթնաժողովին մասնակցեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Շվեյցարիայում Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Նրանք քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվել, որը, սակայն, Հայաստանը չի ստորագրել։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանը նախորդ սեպտեմբերին առաջին անգամ հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Մոսկվան ի գիտություն ընդունեց Երևանի դիրքորոշումը։
Սեպտեմբերի 6-ին Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Կիևում մասնակցեց «Առաջին տիկնանց և պարոնների երրորդ գագաթնաժողովին», իսկ Մալթայում հոկտեմբերին կայացավ Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված երրորդ համաժողովը, որին մասնակցեցին 65 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ առաջին անգամ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։