Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սպառնացել է արյան վրեժ հայտարարել Ռուսաստանի Դաշնային խորհրդի դաղստանցի անդամ, միլիարդատեր Սուլեյման Քերիմովին:
Նա պահանջել է ապացուցել, որ պատգամավորը կապ չունի Չեչնիայի ղեկավարի սպանությունը պատվիրելու փորձի հետ։ Նույն սպառնալիքը վերաբերում է Պետդումայի պատգամավորներ Բեխան Բարախոևին և Ռիզվան Կուրբանովին: Առաջինը Ինգուշեթիայից է, երկրորդը՝ Դաղստանից։
«Կան վկաներ: Մարդիկ, որոնցից նրանք պատվիրել են [սպանությունը], հարցրել են, թե որքանով կարող եք ընդունել պատվերը», - ասել է Կադիրովը՝ Չեչնիայի անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը (չեչեներենից թարգմանությունը՝ Кавказ.Реалии):
Կադիրովն այսպես է մեկնաբանել սեպտեմբերի 18-ին ռուսական Wildberries-ի մոսկովյան գրասենյակում տեղի ունեցած հրաձգությունը։ Նա թեման անվանել է «կենցաղային հողի վրա ազգերն իրար դեմ հանելու փորձ» և ցանկացած բողոք դրան մասնակցած իր զինյալների դեմ ուղղել հենց իրեն:
Կադիրովը հայտնել է, որ Wildberries-ի գրասենյակում սպանված Ինգուշեթիայից երկու անվտանգության աշխատակիցներից մեկի հարազատները, իբր, սոցցանցերում արյան վրեժ են հայտարարել իր դեմ։ Նա պահանջել է, որ ամեն ինչ անեն ավանդույթի համաձայն և անձամբ կապվեն իր հորեղբոր հետ, որից հետո Չեչնիայի ղեկավարը «մտածի, թե ինչ անել» այդ մարդկանց հետ։
Սուլեյման Քերիմովը և Բեխան Բարախոևը բազմիցս են հայտնվել Wildberries-ի և արտաքին գովազդով զբաղվող Russ խմբի ընկերությունների միաձուլմամբ հետաքրքրվածների թվում։ Հենց այս գործարքի պատճառով էլ Ռամզան Կադիրովը միջամտեց Wildberries հիմնադիրներ Տատյանա և Վլադիսլավ Բակալչուկների հակամարտությանը։ Նա խոստացել է «ընտանիք վերադարձնել» Տատյանային, ով հայտարարել էր ամուսնալուծության մասին, և ընկերությունը վերադարձնել Վլադիսլավ Բակալչուկին։
Հրաձգությունը Կրեմլի հարևանությամբ գտնվող Wildberries գրասենյակում ծագել էր այն բանից հետո, երբ Վլադիսլավ Բակալչուկն այնտեղ էր ժամանել չեչեններից բաղկացած պահակախմբի ուղեկցությամբ: Բակալչուկին դրանից հետո բերման էին ենթարկել, ապա բաց էին թողել: