Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին հայտարարել է, որ պետք է ներողություն խնդրել օսերից 2008թ. պատերազմի համար


Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտ է «ուժ գտնել» և ներողություն խնդրել օսեթ ժողովրդից 2008թ. պատերազմի համար։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթում Իվանիշվիլին «Ազգային շարժմանն» է մեղադրել ռուս-վրացական պատերազմի համար, ավելի վաղ էլ մեղադրանքի սլաքներն ուղղել էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմ։

Այս հայտարարությունը լայն արձագանք է գտել սոցցանցերում ու քաղաքական շրջանակներում։ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն Իվանիշվիլիի հայտարարությունը «ամոթալի» է անվանել։

«Վրացական երազանքն այս հայտարարությամբ ծառայում է միայն Ռուսաստանի շահերին, խաթարում է օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականությունը և վնասում Վրաստանի ազգային շահերին»,- շեշտել է քաղաքական ուժը։

Նախկին իշխող կուսակցությունը Բիձինա Իվանիշվիլիից ներողություն է պահանջել։

  • 2008 թվականի օգոստոսի 7-ի վրացական զորքերը մտան Ռուսաստանի աջակցությունը վայելող՝ Վրաստանից անջատված Հարավային Օսիայի տարածք, փորձելով վերականգնել տարածքի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես այն ժամանակ պնդում էր Թբիլիսին՝ կանխելու աճող ռուսական ռազմական ներկայությունը։
  • Հնգօրյա պատերազմն ավարտվեց Վրաստանի պարտությամբ, երկրի տարածք ներխուժած ռուսական զորքերը ետ քաշվեցին Եվրամիության միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի արդյունքում:
  • Հակամարտությունը, որը հրահրելու համար Թբիլիսին և Մոսկվան մեղադրում են միմյանց, հարյուրավոր զոհերի, հազարավոր մարդկանց փախստական դառնալու պատճառ դարձավ։ Պատերազմից հետո Մոսկվան է՛լ ավելի ամրապնդեց ռազմական ներկայությունը ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Վրաստանից անջատված մյուս տարածքում՝ Աբխազիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG