Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտ է «ուժ գտնել» և ներողություն խնդրել օսեթ ժողովրդից 2008թ. պատերազմի համար։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթում Իվանիշվիլին «Ազգային շարժմանն» է մեղադրել ռուս-վրացական պատերազմի համար, ավելի վաղ էլ մեղադրանքի սլաքներն ուղղել էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմ։
Այս հայտարարությունը լայն արձագանք է գտել սոցցանցերում ու քաղաքական շրջանակներում։ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն Իվանիշվիլիի հայտարարությունը «ամոթալի» է անվանել։
«Վրացական երազանքն այս հայտարարությամբ ծառայում է միայն Ռուսաստանի շահերին, խաթարում է օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականությունը և վնասում Վրաստանի ազգային շահերին»,- շեշտել է քաղաքական ուժը։
Նախկին իշխող կուսակցությունը Բիձինա Իվանիշվիլիից ներողություն է պահանջել։
- 2008 թվականի օգոստոսի 7-ի վրացական զորքերը մտան Ռուսաստանի աջակցությունը վայելող՝ Վրաստանից անջատված Հարավային Օսիայի տարածք, փորձելով վերականգնել տարածքի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես այն ժամանակ պնդում էր Թբիլիսին՝ կանխելու աճող ռուսական ռազմական ներկայությունը։
- Հնգօրյա պատերազմն ավարտվեց Վրաստանի պարտությամբ, երկրի տարածք ներխուժած ռուսական զորքերը ետ քաշվեցին Եվրամիության միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի արդյունքում:
- Հակամարտությունը, որը հրահրելու համար Թբիլիսին և Մոսկվան մեղադրում են միմյանց, հարյուրավոր զոհերի, հազարավոր մարդկանց փախստական դառնալու պատճառ դարձավ։ Պատերազմից հետո Մոսկվան է՛լ ավելի ամրապնդեց ռազմական ներկայությունը ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Վրաստանից անջատված մյուս տարածքում՝ Աբխազիայում։