Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երկուշաբթի օրը առաջին անգամ հրապարակավ խոստովանել է՝ այս տարվա հուլիսին Իրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը իսրայելցի զինվորականների ձեռքի գործն է, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ սա էլ ավելի է սրում Թեհրանի և Թել Ավիվի միջև լարվածությունը։
«Այս օրերին, երբ Հութի ահաբեկչական կազմակերպությունը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ, ես ուզում եմ նրանց հստակ ուղերձ փոխանցել. մենք հաղթել ենք «Համաս»-ին, մենք հաղթել ենք «Հեզբոլա»-ին, ճեղքել ենք Իրանի պաշտպանական համակարգը և վնասել արտադրական համակարգերը, տապալել ենք Ասադի ռեժիմը Սիրիայում ու ծանր հարված կհասցնենք Եմենում Հութի ահաբեկչական կազմակերպությանը», - ասել է Կացը։
Իսրայելը «կվնասի ռազմավարական ենթակառուցվածքները, մենք կգլխատենք նրանց առաջնորդներին, ինչպես դա արեցինք Հանիեի, Սինվարի և Նասրալլայի դեպքում Թեհրանում, Գազայում և Լիբանանում։ Մենք դա կանենք նաև Հոդեյդայում և Սանայում», - սպառնացել է Կացը։
Եմենում Իրանի աջակցությունը վայելող Հութի խմբավորումն ավելի քան երկու տարի հարվածում է Կարմիր ծովում գտնվող առևտրային նավերի՝ փորձելով խստացնել Իսրայելի ծովային շրջափակումը: Նրանք հայտարարում են, որ գործում են Գազայում 2023-ի հոկտեմբերի 7-ից շարունակվող պատերազմում ի աջակցություն պաղեստինցիների։
«Համաս» (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված) խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվեց Թեհրանում այս տարվա հուլիսի 30-ին։ Նախօրեին Հանիեն մասնակցել էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը։ Հանիեի հիմնական նստավայրը Քաթարն էր։
Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:
«Հեզբոլա» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան սպանվեց Բեյրութում՝ այս տարվա սեպտեմբերի 27-ին, իսկ «Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվարը սպանվեց Գազայում այս տարվա հոկտեմբերի 17-ին։