Մատչելիության հղումներ

Իսրայելը Լիբանանում ցամաքային գործողություն սկսեց


Իսրայելի Պաշտպանության բանակի հրետանին հրետակոծում է Լիբանանի հարավային գյուղերը, 1-ը հոկտեմբերի, 2024թ.
Իսրայելի Պաշտպանության բանակի հրետանին հրետակոծում է Լիբանանի հարավային գյուղերը, 1-ը հոկտեմբերի, 2024թ.

Մեկ շաբաթ շարունակվող զանգվածային ավիահարվածներից հետո Իսրայելը Լիբանանում ցամաքային գործողություն սկսեց՝ տեղեկացնելով, թե «Հեզբոլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ սահմանափակ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»:

Լրատվամիջները գրում են՝ իսրայելական ուժերը Լիբանանի տարածք չեն խորացել, սահմանի մոտ են, ցամաքային բախումներ, սակայն, կողմերի միջև դեռ չեն եղել։

Իրանամետ «Հեզբոլա»-ն, այդուհանդերձ, հերքում է, թե իսրայելական ուժերը Լիբանանի տարածք են մտել, ու հայտարարում է՝ պատրաստ են ուղիղ առճակատման։

Սահմանափակ և թիրախային գործողություններ են իրականացվում, առավոտյան հրապարակված տեսաուղերձում տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին:

«Հեզբոլա»-ն Իսրայելին մոտ գտնվող Լիբանանի գյուղերը ռազմաբազաների է վերածել Իսյայելի վրա հարձակվելու համար, եթե Լիբանանի կառավարությունն ու աշխարհը չեն կարողանում «Հեզբոլա»-ին մեր սահմաններից հեռացնել, մեզ այլ տարբերակ չի մնում, քան դա անձամբ անելը», - հայտարարել է Հագարին:

Խոսնակը վստահեցնում է՝ իսրայելական ուժերը Բեյրութ ու Լիբանանի այլ խոշոր քաղաքներ չեն մտնելու, իրենք կենտրոնացած են սահմանամերձ գյուղերի շրջանում ու անելու են անհրաժեշտը «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները ոչնչացնելու համար։

Իսրայելը դարձյալ հայտարարում է՝ իրենց պատերազմը «Հեզբոլա»-ի դեմ է, այլ ոչ Լիբանանի ժողովրդի: Չնայած այս վստահեցումներին՝ Լիբանանի բնակչության շրջանում զոհերն օրեցօր շատանում են, տեղական իշխանությունները սպանված ավելի քան հազար մարդու մասին են հայտարարում, ռազմական գործողությունների հետևանքով իրենց տները մեկ միլիոն քաղաքացիներ են լքել, շատերը ստիպված են փողոցներում գիշերել:

Ոչ մի տեղ անվտանգ չէ, լրատվամիջոցների հետ զրույցներում պատմում են լիբանանցիները՝ չդադարող ավիահարվածներին զուգահեռ վերջին հրաժեշտը տալով իրենց մահացած հարազատներին.

«Խնդրում եմ, ներիր ինձ, չկարողացա պաշտպանել քեզ, Աստծո կամոք դրախտ հասնես... »:

«Աղջիկս ինձ հետ նստած էր, շոյում էի նրան ու ասում, որ չվախենա։ Վերջին բանը, որ սպասում էի, շենքի վրա հարվածն էր, որովհետև այն ոչինչ չուներ, ներսում միայն քաղաքացիներ էին։ Չկարողացա աղջկաս և մյուսներին պաշտպանել։ Փառք Աստծո, ես ու որդիս դուրս եկանք, բայց կորցրի աղջկան ու կնոջս։ Մի վայրկյանում ամբողջ կյանքս փոխվեց ...»:

Այսօր էլ Լիբանանի հարավում պաղեստինցի փախստականների ճամբարի ուղղությամբ օդային հարվածի մասին են հաղորդել․ վեց մարդ է մահացել՝ այդ թվում պաղեստինցի մի պաշտոնյայի ընտանիքի անդամները։

Խաղաղ բնակչության շրջանում հարյուրավոր զոհերի մասին տեղեկություններին զուգահեռ, իսրայելական կողմը շարունակ պնդում է, թե Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորումը մարդկանց որպես կենդանի վահան է օգտագործում, ու վստահեցնում է՝ իրենք լիբանանցիներին վնասելու մտադրություն չունեն, իրենք մարդկանց զգուշացնում են վտանգի մասին՝ հորդորելով հեռանալ ռազմական գործողությունների տարածքներից:

«Հեզբոլա»-ն էլ Իսրայելի կենտրոնական հատվածների ուղղությամբ է այսօր հրթիռներ արձակել, մեկ մարդ վիրավորվել է, Իսրայելի իշխանությունները սահմանափակում են հավաքները, փակում են լողափերը, հաղորդում է Associated Press գործակալությունը։

«Հեզբոլա»-ի հարվածների պատճառով միլիոնավոր իսրայելցիներ ապաստարաններում են, հայտարարում է Իսրայելի Պաշտպանության բանակը:

Մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին Լիբանանից տարհանելու մասին են հաղորդել, նման հայտարարություններ են արել Գերմանիան, Մեծ Բրիտանիան վաղը Բեյրութից չարթերային չվերթ է նախատեսել՝ առաջնահերթությունը խոցելի խմբերի ներկայացուցիչներին կտան, Իսպանիան էլ իր քաղաքացիներին հորդորում է լքել Լիբանանը։

Անցած երկուշաբթի օրվանից սրված հակամարտության նոր փուլի մեկնարկի մասին այս նորություններին զուգահեռ տարբեր երկրներ, միջազգային կազմակերպություններ հորդորում են հրադադար սահմանել, այսօր էլ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերն են դեէսկալացիայի կոչ արել ու տեղեկացրել՝ շարունակում են մնալ տեղակայման վայրերում։ Խաղաղապահները հայտարարում են, որ խիստ անհրաժեշտության դեպքում գործողության պլան ունեն։

Օրվա ավարտին արդեն տարբեր լրատվամիջոցներ ԱՄՆ Սպիտակ տան իրենց աղբյուրներին հղում անելով գրեցին՝ Իրանն է պատրաստվում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակել։

XS
SM
MD
LG