Չնայած շարունակվող ռազմական գործողություններին ու չդադարող օդային հարվածներին, Իսրայելն ու իրանամետ «Հեզբոլա»-ն մոտ են հրադադարին։ Լրատվական գործակալությունները, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներին, գրում են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի միջնորդությամբ Լիբանանում կրակը կարող է դադարել այս շաբաթ, հնարավոր է արդեն այսօր։
Հաղորդվում է, թե Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արդեն համաձայնել է հրադադարի պայմաններին։ Հրապարակումներում քննարկվող համաձայնագրի հիմնական կետերն են Լիբանանից իսրայելական ուժերի դուրս բերումը, երկրի հարավում «Հեզբոլա»-ի (ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն, իսկ ԵՄ-ն նրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում, ոչ քաղաքականը) ռազմական ներկայության դադարեցումը, առաջարկվում է նաև միջազգային կոմիտե ձևավորել, որն էլ պետք է վերահսկի հրադադարն ու դեռևս 2006 թվականին ընդունված, բայց այդպես էլ ամբողջությամբ չներդրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։
Ըստ բազմաթիվ հրապարակումների՝ հրադադարի առայժմ չհամաձայնեցված կետերից մեկն է, թե որ պետությունները կլինեն այս կոմիտեի կազմում։ Եթե ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մասնակցության վերաբերյալ տարաձայնությունների մասին հաղորդումներ չկան, ապա օրինակ՝ Մեծ Բրիտանիայի ներկայությանը, ըստ լրատվամիջոցների, Լիբանանը դեմ է արտահայտվել։
Սպասվում է՝ վարչապետ Նեթանյահուի մասնակցությամբ Իսրալելում այսօր կքննարկեն հրադադարի առաջարկը ու կքվեարկեն։ Լիբանանի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ կողմերի մինչև օրվա ավարտ համաձայնություն կլինի։
Կողմերը դեռ պետք է ասեն իրենց «այո»-ն, երեկ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Մինչ աշխարհը սպասում է Իսրայելի վերջնական դիրքորշմանը, Իտալիայում «Մեծ յոթնյակ»-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ հրադադարից հրաժարվելու համար Իսրայելը որևէ արդարացում չունի։ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն պնդել է՝ առաջարկը ներառում է Թել Ավիվի համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։
«Հակառակ դեպքում Լիբանանը կմասնատվի, եկեք ճնշում գործադրենք Իսրայելի վրա այսօր համաձայնությունը հաստատելու համար», - ասել է նա։
2023-ի հոկտեմբերից Գազայում սկսված պատերազմին զուգահեռ «Հեզբոլա»-ի հետ հակամարտությունը նույնպես սրվեց, միմյանց ուղղությամբ հարվածները այս ամբողջ ընթացքում չէին դադարում։ Երկու ամիս առաջ Իսրայելը Լիբանանում զանգվածային օդային հարձակում սկսեց, պարբերաբար թիրախավորում էր մայրաքաղաք Բեյրութը, սրան էլ հաջորդեց սահմանամերձ հատվածներում Իսրյալելի ցամաքային գործողությունը։ Այս ընթացքում Լիբանանում ավելի քան երեք հազար մարդ սպանվեց, նրանցից շատերը խաղաղ բնակիչներն էին։ Տասնյակ խաղաղ բնակիչներ սպանվեցին Իսրայելում։