Մատչելիության հղումներ

Իսրայելն «ավարտել է գործողությունն» Իրանի դեմ, Թեհրանը հայտնում է 2 զոհի մասին


Tehran
Tehran

Իսրայելական բանակը հայտարարել է, որ ավարտել է «նպատակային և ճշգրիտ» հարձակումն Իրանի վրա՝ ի պատասխան այս ամսվա սկզբին իրանական հարձակումների։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են մայրաքաղաք Թեհրանում և դրա շրջակայքում բազմաթիվ պայթյունների մասին, որոնց հետևանքով երկու զինվոր է զոհվել:

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ գիշերային հարձակումն իրականացրել է երեք փուլով, թիրախավորվել են «հրթիռների արտադրության օբյեկտները», որտեղ, ըստ Թել Ավիվի, Իրանն արտադրել է Իսրայելի վրա կիրառած հրթիռները։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին, հայտարարելով գործողության ավարտի մասին, զգուշացրել է իրանին նոր սրացման չգնալ:

«Իսրայելի պաշտպանության բանակը կատարեց իր առաքելությունը։ Եթե Իրանի ռեժիմը սխալ գործի և փորձի նոր սրացման գնալ, մենք պարտադրված կլինենք պատասխանել: Մեր ուղերձը հստակ է. բոլոր նրանք, ովքեր սպառնում են Իսրայել պետությանը և փորձում տարածաշրջանը տանել նոր լայնամասշտաբ սրացման, շատ ծանր գին կվճարեն: Մենք այսօր ապացուցեցինք, որ ունենք ինչպես կարողություն, այնպես էլ վճռականություն որոշիչ քայլեր անելու ու պատրաստ ենք պաշտպանե; Իսրայել պետությունն ու Իսրայելի քաղաքացիներին», - նշել է Հագարին:

Իրանի հակաօդային պաշտպանության գործակալությունը հաստատել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանում, Խուժիստան և Իլամ նահանգներում գտնվող ռազմական օբյեկտներին։ Դրանցից մի քանիսը վնասներ են կրել, որոնց չափերը ներկայումս ճշտվում են, բայց Իրանի պետական լրատվամիջոցներն արդեն հայտնում են, որ իսրայելական հարձակումները էական վնաս չեն պատճառել, Թեհրանում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ իրանցիները Իսրայելի այս հարվածը ցուցադրական են համարում:

«Իմ կարծիքով՝ Իսրայելը փոքր ծավալով է հարձակվել, որպեսզի պարզապես ցույց տա, որ պատասխանել է Իրանին: Իհարկե եթե ցանկանային ավելի մեծ հարված կարող էին հասցնել, բայց այն, որ փոքր հարձակում են իրականացրել, նշանակում է, որ վախենում են», - նշել է բնակիչներից մեկը:

Լլոյդ Օսթինն Իսրայելի իր գործընկերոջ հետ քննարկել է Իրանում թիրախների վրա հարձակումը

Պենտագոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ քննարկել է Իրանում թիրախների վրա հարձակումը։ Օսթինն ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը և նրա ինքնապաշտպանության իրավունքին: Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում, ասված է հաղորդագրության մեջ։

Իսրայելի օդային հարվածներն իրականացվել են ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իրանի հարձակման, որն իր հերթին պատասխան էր Իսրայելի կողմից «Համաս» և «Հեզբոլա» խմբավորումների բարձրաստիճան անդամների սպանությանը: Իսրայելի պատասխանի վերաբերյալ նախնական քննարկումների ժամանակ ԱՄՆ-ը հորդորել էր Իսրայելին չռմբակոծել Իրանի միջուկային և նավթի արդյունահանման օբյեկտները:

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ Իսրայելը այժմ չի ցանկանում գնալ էսկալացիայի

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ Իսրայելի հարվածների ծավալները ցույց են տալիս, որ այդ երկիրը այժմ չի ցանկանում գնալ էսկալացիայի:

«Մասշտաբները խոսում են ավելի հանդարտեցման մասին, քան էսկալացիայի նոր աստիճան հրահրելուն: Այդ տեսանկյունից պետք է ուշադրություն դարձնել, որ կարծես թե բավականին երկար ժամանակ Միացյալ Նահանգմներ-Իսրայել կոմունիկացիա էր գնում Իրանին այս պատասխան հարվածը հասցնելու հարցի վերաբերյալ, որպեսզի այդ հարվածը չլինի այնպիսին, որը կստիպի Իրանին իր հերթին պատասխան ուժեղ հարված հասցնել ու իրավիճակը կտանի մեծ էսկալացիա, որովհետև Միացյալ Նահանգներում ընտրական պրոցեսի ֆոնին դեմոկրատական վարչակազմը խիստ զգայում է Մերձավոր Արևելքում որևէ մեծ էսկալացիայի հանդեպ: Կարծես թե Միացյալ Նահանգները կարողացավ Թել Ավիվի հետ այդ կոմունիկացիան ապահովել այնպես, որպեսզի Իրանին թիրախավորումը չլինի էսկալացիան մեծացնող մասշտաբով», - ասաց Բադալյանը:

«Ազատության» հարցին՝ իսկ Իրանն այդ դեպքում պատասխան հարվածներ կհասցնի՞, քաղաքական մեկնաբանը պատասխանեց. - «Անշուշտ կլինեն հայտարարություններ, որ պատասխան լինելու է, բայց ես կարծում եմ՝ մոտակա ժամանակահատվածում այդպիսի պատասխան գործողություն հազիվ թե լինի: Իհարկե գլխավոր հարցը հետևյալն է՝ ինչ կլինի նոյեմբերի 5-ից հետո Միացյալ Նահանգների նախագահի ընտրության այս կամ այն արդյունքի դեպքում: Արդյոք եթե ձևավորվի հանրապետական վարչակազմ Թրամփի գլխավորությամբ, կնշանակի Իսրայելին աներկբա աջակցություն, հետևաբար էսկալացիայի ավելացման մեծ վտանգ, կամ եթե դեմոկրատական վարչակազմը պահպանի իր դիրքերն, արդյոք նույնքան բծախնդիր կլինի մերձավոր Արևելքում մեծ պատերազմ թույլ չտալու հարցում, թե՝ ոչ»:

Ըստ իրանական լրատվամիջոցերի՝ Իրանը կարճատև ընդհատումից հետո վերսկսել է թռիչքները սովորական ռեժիմով։

Սաուդյան Արաբիան, Իրաքը, Միացյալ Արաբական Էմիրությունները քննադատել են Իսրայելի հարվածներն Իրանի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG