Սպանվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի մարտական հրամանատար Ահմադ Շիմալին, որ պատասխանատու էր 2023-ի հոկտեմբերի 7-ի հարձակումը պլանավորելու համար, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը։
Իսրայելը նաև հաղորդում է արմատական «Համաս»-ի գումարտակներից մեկի հրամանատար Ջամիլ Վադիանի սպանության մասին։
Նախօրեին էլ հաղորդվել էր, որ սպանվել է «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Սալահ ալ-Բարդավիլը։
Իսրայելի պաշտպանության բանակը մարտի 23-ին հայտնել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող Խան Յունիս քաղաքի Նասերի հիվանդանոցին՝ նշելով, որ այնտեղ գտնվող «Համաս»-ի բարձրաստիճան անդամները հիվանանոցը որպես հենակետ էին օգտագործում։
Times of Israel-ը հաղորդում է, որ սպանվել է նաև «Համաս»-ի ֆինանսական ղեկավար Իսմայիլ Բարհումը։
Իսրայելական կողմը պնդում է, որ հարձակումն իրականացվել է հետախուզական լուրջ աշխատանքներից հետո՝ ճշգրիտ միջոցների կիրառմամբ։
Ըստ Al Jazeera-ի՝ մարտի 24-ի առավոտյան Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 16 մարդ է զոհվել։ Նախօրեին Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է երեք տասնյակ զոհերի մասին։
Չնայած հունվարին հաստատված հրադադարին՝ Իսրայելը մարտի 18-ին վերսկսեց օդային հարվածները Գազայի ուղղությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Արմատական «Համաս»-ն էլ հայտարարեց՝ պահանջները կբավարարվեն, եթե Իսրայելն ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Գազայից ու դադարեցնի ռազմական գործողությունները։
Երեք օր առաջ էլ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին։