Իրանի հետ բանակցությունների երկարաձգումը Իսրայելին բավարարում է: Վարչապետ Բենիամին Նաթանյահուն ԷյԲիՍի Նյուզ-ի «Այս շաբաթ» կոչվող ծրագրին հայտնել է, որ պատժամիջոցները Թեհրանի դեմ կշարունակվեն մինչև նրա ատոմային ծրագրի դադարեցումը:
«Պետք չէ հանել պատժամիջոցները, մինչև Իրանի միջուկային ռումբի ստեղծման կարողությունները ի սպառ չվերացվեն: Ինչքան ես հասկանում եմ, իրանցիները շատ մոտ են դա ընդունելուն, և եթե Միացյալ Նահանգները կամ այլ տերությունները որևէ պատճառաբանությամբ համաձայնեն Իրանին թողնել պահպանելու նման կարողություններ, դա պատմական սխալ կլինի»,- ասել է նա:
Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը զուտ խաղաղ նպատակներ ունի: Իրանը, հինգ արևմտյան տերությունները ու Ռուսաստանը համաձայնել են երկարացնել մեկ տարի շարունակվող բանակցությունները ևս յոթ ամսով: Բանակցությունների վերջնաժամկետը երկարացվեց հունիսին՝ պայմանով, որ պատժամիջոցները կթուլացվեն՝ ի պատասխան Իրանի միջուկային ծրագրի չընդլայնման:
Ըստ Թել Ավիվի Ազգային անվտանգության հետազոտությունների հաստատությունից Եփրահիմ Ասքուլայի՝ իրանցիները պահպանել են իրենց կարողությունները և եթե ցանկանան, կարող են միջուկային զենք արտադրել 3-6 ամսում, քանզի ունեն նաև անհրաժեշտ նյութատեխնիկական բազան ու գիտելիքները: Ուստի, ըստ էության, բան չի փոխվել: Ասքուլայը Իրանի դեմ կարծր գծի կողմնակից է: Ըստ նրա՝ իրանցիները պետք է դադարեցնեն հարստացումը կամ առնվազն զգալիորեն կրճատեն դրա ծավալները ու ապացուցվող կերպով դադարեցնեն ռազմական գործունեությունը այդ ուղղությամբ:
Նաթանյահուն նշել է, որ Իրանի միջուկային զենքի կարողությունների վերացման շուրջ գործարքի բացակայությունը ավելի նախընտրելի է, քան վատ համաձայնության գալը:
Սակայն Ասքուլայը ընդհակառակը կարծում է, որ առկա հանգամանքներում վատ գործարքը ավելի լավ է, քան դրա բացակայությունը ընդհանրապես: Ըստ Ասքուլայի՝ այժմ անհնար է լավ գործարքի գալ, ուրեմն վատ համաձայնագիրը ժամանակավոր լուծում կլինի առանց սրելու հակասությունները: Գործարքի ի սպառ բացակայությունը կնշանակի, որ տերությունները ու Իսրայելը ռազմավարական առումով որոշիչ ընտրության առջև կկանգնեն:
Բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ բանակցությունները կշարունակվեն, քանի որ Արևմուտքը չի ուզում նոր հակամարտություն Առաջավոր Ասիայում: Մինչդեռ Իրանը կպահպանի առկա հնարավորությունները՝ ի վիճակի լինելով անհրաժեշտության դեպքում արտադրել միջուկային կարողություններ՝ ընդ որում՝ և խաղաղ, և ռազմական նպատակներով: