Պարզ չէ, թե արդյոք Բենյամին Նեթանյահուն երբևէ կենթարկվի քրեական հետապնդման այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նրան ձերբակալելու հրաման արձակեց՝ ռազմական և մարդկության դեմ ենթադրաբար գործած հանցագործությունների համար:
Բայց նույնիսկ եթե Իսրայելի վարչապետը երբեք էլ չկանգնի Հաագայի դատարանի առաջ, այս մեղադրանքների խարանը հաստատապես կուղեկցի նրան՝ ստեղծելով խոչընդոտներ:
Նեթանյահուն հերքում է Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող պատերազմի հետ կապված մեղադրանքներից, Իսրայելն էլ չի ճանաչում Նիդեռլանդներում գործող դատարանի իրավասությունը։
Բայց կասկած չկա, որ հիմա Նեթանյահուի համար վարչապետի պարտականությունների կատարումը առավել դժվար է դարձել։
Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի ավագ գիտաշխատող Էնթոնի Դվորկինը «Ազատություն» ռադիոկայանին ասաց՝ թեև Իսրայելը չի միացել ՄՔԴ-ի ստեղծած Հռոմի ստատուտին, «աշխարհի 124 երկրները միացնել են և բոլորն էլ Նեթանյահուին ձերբակալելու իրավական պարտավորություն ունեն, եթե նա մուտք գործի իրենց տարածք»։
Որպես նախադեպ՝ Դվորկինը մատնանշել է այն բարդությունները, որոնց հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ ՄՔԴ-ն 2023 թվականի մարտին նրան ձերբակալելու հրաման է արձակել՝ կապված Ուկրաինայի դեմ ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետ:
«Նա ստիպված է եղել զգալիորեն փոխել իր ճամփորդական ծրագրերը», - ասաց Դվորկինը՝ հիշեցնելով՝2023 թվականի հուլիսին Պուտինի որոշեց չմասնակցել BRICS անդամ պետությունների գագաթնաժողովին Հարավային Աֆրիկայում։
Այս սեպտեմբերին ՄՔԴ անդամ Մոնղոլիան բախվեց հսկայական ճնշման, երբ Ռուսաստանի առաջնորդը այցելեց այդ երկիր: Մոնղոլիան ականջալուր չեղավ Պուտինին ձերբակալելու կոչերին։ Այդ քայլը ցույց տվեց այն սահմանները, որ միջազգային դատարանն ունի ցեղասպանության, մարդկության դեմ, պատերազմական և ագրեսիայի հետ կապված հանցագործությունների համար պատասխանատու մարդկանց հետապնդելու հարցում։
Նոյեմբերի 21-ին՝ Իսրայելի վարչապետի ու Պաշտպանության նախարարի ձերբակալությունների օրդերից վեց ամիս առաջ միջազգային դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը առաջին անգամ հայտարարեց, որ նրանցից բացի պատասխանատվության պետք է ենթարկվի նաև ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի ռազմական հրամանատար Մուհամմադ Դեյֆը: Իսրայելը պնդում է, որ հուլիսին սպանել է Դեյֆին։
Դեյֆը մեղադրվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման հետ կապված հանցագործությունների համար, որոնց հետևանքով զոհվել է մոտ 1200 մարդ, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ։ Նեթանյահուն և Գալանտը, իրենց հերթին, մեղադրվում են Իսրայելի՝ Գազա պատասխան ներխուժման համար, որտեղ, ըստ պաղեստինյան պաշտոնյաների, սպանվել է ավելի քան 43 հազար մարդ:
ՄՔԴ-ը նոյեմբերի 21-ին հայտարարեց, որ երեքի դեմ էլ ձերբակալման հրաման է արձակում՝ ելնելով այն ենթադրությունից, որ Դեյֆը կարող է դեռ ողջ լինել:
Նեթանյահուն մեղադրվում է պատերազմական հանցագործությունների համար
ՄՔԴ-ն մեղադրում է Նեթանյահուին պատերազմական հանցագործությունների համար, ներառյալ սովամահությունը որպես պատերազմի մեթոդ օգտագործելու, և մարդկության դեմ հանցագործությունների, ներառյալ «սպանության, մարդկանց հետապնդման և այլ անմարդկային արարքների» համար: Նրա ձերբակալության հրամանը կյանքի կոչելու լիազորություններ, սակայն, դատարանը չունի։
Գլխավոր դատախազ Խանը դիմել է դատարանի անդամ բոլոր երկրներին՝ հորդորելով հետևել հրամանին, իսկ ոչ անդամ երկրներին՝ աշխատել «միջազգային իրավունքի պահպանման ուղղությամբ»:
Հռոմի ստատուտին չմիացածների թվում է նաև Միացյալ Նահանգները՝ Իսրայելի առանցքային դաշնակիցը, որը «հիմնականում» մերժել է դատարանի՝ ձերբակալման հրաման արձակելու որոշումը:
Այնուամենայնիվ, Եվրամիության բոլոր անդամ պետությունները ՄՔԴ անդամ են:
«Որոշ երկրներ գնալով ավելի շատ են քննադատում Իսրայելի գործողությունները», - «Ազատությանն» ասել է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի ավագ գիտաշխատող Էնթոնի Դվորկինը, հավելելով,- «Մինչդեռ այլ երկրներ փորձել են գնալ միջին ճանապարհով՝ որոշ դեպքերում քննադատելով, բայց հիմնականում՝ լայնորեն աջակցելով Իսրայելին»:
Այժմ, նույնիսկ Իսրայելի ամենամեծ աջակից Գերմանիան է ստիպված աջակցության մյուս նժարին դնել իր պարտավորությունները օրենքի գերակայության հանդեպ:
«Այստեղ է, որ մենք կտեսնենք տարբերությունը խոսքի և գործի միջև», - ասել է Դվորկինը:
Իսրայելն արդեն չեղարկել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հաջորդ շաբաթ նախատեսված այցը, երբ վերջինս հայտարարել է, որ Ամստերդամը մտադիր է հետևել ՄՔԴ-ի ձերբակալության օրդերին։
Ֆրանսիան հայտարարել է, որ պաշտպանում է ՄՔԴ դատախազ Խանի գործողությունները, իսկ Հռոմը հայտարարել է, որ հարկադրված է ձերբակալել Նեթանյահուին, եթե նա ժամանի Իտալիա:
Կարող են լինել չնախատեսված հետևանքներ
Միևնույն ժամանակ, վճիռը կարող է ունենալ որոշ չնախատեսված հետևանքներ:
ԵՄ անդամ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով հաճախ հակասում է Բրյուսելին այնպիսի սուր թեմաների շուրջ, ինչպիսիք են, օրինակ, Պուտինի հետ հարաբերությունները, արդեն հստակ ցույց է տվել՝ չի հետևելու այս որոշմանը:
Նոյեմբերի 22-ին Օրբանը Հաագայի դատարանին մեղադրեց «քաղաքական նպատակներով շարունակվող հակամարտությանը միջամտելու մեջ» և ասաց, որ Նեթանյահուի դեմ դատարանի հրամանը խարխլում է միջազգային իրավունքը:
Օրբանն ասել է, որ հակառակ դատարանի հրամանին՝ Նեթանյահուին կհրավիրի Հունգարիա:
ՄՔԴ-ն կարող է նաև բախվել Ամերիկայի կողմից ավելի մեծ բացասական արձագանքի, երբ իշխանությունը փոխանցվի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին։ Թրամփը իրեն Իսրայելի ավելի մեծ դաշնակից է համարում, քան հեռացող նախագահ Ջո Բայդենը:
Նոյեմբերի 21-ին Թրամփի կողմից ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում առաջադրված հանրապետական կոնգրեսական Մայք Ուոլցը զգուշացրեց՝ երբ Թրամփը ստանձնի նախագահի պաշտոնը հունվարի 20-ին, «կարող եք ակնկալել ուժեղ արձագանք ՄՔԴ-ի հակասեմական կողմնակալությանը»։
Նեթանյահուի գրասենյակը նույնպես դատապարտել ու հակասեմիտիզմ է որակել ՄՔԴ-ի որոշումը։ Միաժամանակ, որոշ փորձագետներ չեն բացառում, որ Նեթանյահուն, որի վարկանիշը Իսրայելում կտրուկ նվազել էր հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, կարող է այս որոշումը որպես խաղաքարտ օգտագործել ներքաղաքական պայքարում:
«Իսրայելի քաղաքական ողջ սպեկտրը միաձայն դատապարտում է Միջազգային դատարանի որոշումը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի վերլուծաբան Խալեդ Էլգինդին, հավելելով. - «Միգուցե դա Նեթանյահուին մի փոքր օգնի, քանի որ մարդիկ կհավաքվեն այդ գաղափարի շուրջ»:
Նյութը պատրաստվել է Վաշինգտոնում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Թոդ Փրինսի օգնությամբ