Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները մտահոգված են նոր մարտահրավերներով


Հայաստանի ու հայության անվտանգության խնդիրներին վերջերս ավելացել է գլոբալ սպառնալիք՝ մահմեդական ծայրահեղականության ծավալումը Մերձավոր Արևելքում: Դրա չեզոքացման ջանքերում հայ - ամերիկյան համագործակցության ընդլայնմանը նպաստելու մասին «Ամերիկայի Ձայն»-ը զրուցել է ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների հետ:

Սիրիայում ու Իրաքում քրիստոնյա այլ համայնքների թվում հայ ազգաբանակչության դեմ մահմեդական ծայրահեղականների գործողությունները նոր մարտահրավերներ են առաջ բերում Հայաստանի ու հայության առջև: Ծառացած այս նոր խնդրով մտահոգված են նաև ամերիկահայ համայնքն ու նրա կազմակերպությունները:

Նրանց ջանքերի մասին «Ամերիկայի Ձայն»-ը զրուցեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի հետ:

«Իրավիճակը ահագնանում է Սիրիայի հայ համայնքի համար: Ամերիկյան կառավարության վրա ազդելու առումով՝ ընտրել ենք երկու ուղղություն: Առաջինը՝ փորձում ենք կառավարության ուղարկած օգնությունը դարձնել ավելի մատչելի քրիստոնյաների ու հատկապես հայերի համար: Երկրորդը օգնության կազմակերպումն է այն սիրիահայ փախստականների համար, որոնք արդեն տեղափոխվել են Հայաստան», - ասաց Համբարյանը՝ հավելելով․ - «Այսինքն, ջանքեր ենք գործադրում մեծացնելու այս նպատակի համար Հայաստանին ամերիկյան կառավարության օգնությունը, մասնավորապես՝ վերաբնակեցմանն օժանդակության առումով»:

Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հաստատեց, որ իրենք համագործակցելով նույն գործելակերպն են ընտրել:

Արդունին և Համբարյանը նշեցին նաև, որ ամերիկահայ այս երկու կազմակերպությունները հանդիպումներ են ունենում Կապիտոլիումում՝ ամերիկահայ ընտրողների ձայնը ինչպես Կոնգրեսում, այնպես էլ Օբամայի վարչակազմին լսելի դարձնելու համար:

Հաշվի առնելով միջազգային համագործակցությունը ընդլայնելու պատրաստակամության վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, «Ամերիկայի Ձայն»-ը հարց ուղղեց նաև հայ - ամերիկյան ռազմական համագործակցության ընդլայնման նպատակով իրականացվող քայլերի շուրջ: Բրայան Արդունին ասաց. - «Աշխատում ենք միջազգային հանրության անվտանգության ջանքերում ընդլայնել հայ զինվորականների մասնակցությունը, նրանց կրթության ու վարժանքների ֆինանսավորումը, մասնավորապես՝ Արտաքին ռազմական ֆինանսավորում ու Միջազգային ռազմական ֆինանսավորում ծրագրերի շրջանակում դրամական միջոցների հատկացումները ընդլայնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG